Այսօրվանից մեկնարկում են Եվրոպա Լիգայի որակավորման երրորդ փուլի հանդիպումները։ 70 ակումբ կվիճարկեն փլեյ-օֆֆ փուլի 35 ուղեգրերը, այդ թվում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան», որը կհանդիպի Սլովենիայի չեմպիոնի՝ «Ցելյեի» հետ։
Մեր չեմպիոնի մասնակցությամբ հանդիպմանը կանդրադառնանք առանձին նյութով։ Իսկ այժմ մեր ուշադրությունը սևեռենք երրորդ փուլի մյուս դիմակայություններին։
Այսօր կկայանա միայն մեկ հանդիպում․ կիպրոսյան «Ապոլլոնը» սեփական հարկի տակ կընդունի լեհական «Լեխին»։ Մնացած բոլոր հանդիպումները կկայանան վաղը՝ սեպտեմբերի 24-ին։
Այս փուլում նախկին ԽՍՀՄ անդամ երկրներից բացակայում են ղազախական ակումբները, որը կարելի է ինչ-որ տեղ անակնկալ համարել, քանի որ վերջին տարիներին մենք արդեն սովոր էինք տեսնել այդ երկրի ներկայացուցիչներին եվրագավաթային խմբային փուլերում։ Մեր հարևան վրացիներն ունեն երկու ներկայացուցիչ այս փուլում․ Թբիլիսիի «Լոկոմտիվը» նախորդ փուլում դարձավ սենսացիայի հեղինակ՝ հետագա պայքարից դուրս թողնելով ավելի քան 10 անգամ ավելի թանկարժեք կազմ ունեցող Մոսկվայի «Դինամոյին»։ Վրացական ակումբին այս փուլում սպասում է է՛լ ավելի դժվար մրցակից՝ իսպանական «Գրանադային»։ Թբիլիսիի մյուս ակումբը՝ «Դինամոն», ավելի դյուրին մրցակից ունի՝ ֆարերյան «ԿԻ»-ն։ Ի դեպ, Ֆարերյան կղզիները ևս մեկ ներկայացուցիչ ունեն՝ «Բ36»-ը, որը ուժերը կչափի Սոֆիայի ԲԿՄԱ-ի հետ։
Այս փուլից պայքարը կսկսի նաև ռուսական «Ռոստովը», որին որպես մրցակից բաժին է հասել իսրայելական «Մակքաբի Հայֆան»։ Եթե Խորեն Բայրամյանի թիմը հաղթահարի այս փուլի արգելքը, ապա շատ հնարավոր է, որ մենք ականատես կլինենք «Տոտենհեմ»-«Ռոստով» դիմակայությանը։ Դրա համար անհրաժեշտ է, որ «Տոտենհեմն» այս փուլում հաղթի հյուսիսմակեդոնական «Սկենդիժային», ինչն էլ, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա։
Ուկրաինական երկու ակումբներին ևս բարդ մրցակիցներ են բաժին հասել․ «Դեսնան» արտագնա խաղում կհանդիպի գերմանական «Վոլֆսբուգրին», իսկ «Կոլոսը»՝ խորվաթական «Ռիեկային»՝ կրկին մրցակցի հարկի տակ։ Բելառուսը այս փուլում ներկայացուցիչ չունի․ միակ ակումբը, որը ներկայացնում է այս երկիրը, երկրի չեմպիոն «Դինամո Բրեստն» է, որն իր խաղը կանցկացնի արդեն փլեյ-օֆֆ փուլում։ Փոխարենը՝ երրորդ փուլում մեկ ներկայացուցիչ ունի Մոլդովան, և, իհարկե, դա «Շերիֆն» է, որի մրցակիցը իռլանդական «Դունդալկն» է։ Մերձբալթյան երկրները ևս ունեն մեկական ներկայցուցիչ․ լատվիական «Ռիգան» տանը կմրցի շոտլանդական «Սելթիկի» հետ, լիտվական «Սուդուվան» արտագնա հանդիպում կանցկացնի ֆիննական ԿուՊՍ-ի հետ, իսկ էստոնական «Ֆլորային» բաժին է հասել թերևս ամենահարմար մրցակիցը՝ Մալթան ներկայացնող «Ֆլորիանան»։
Այս փուլում «Միլանը» սեփական հարկի տակ կընդունի ներկա պահին Նորվեգիայի առաջնության առաջատար «Բոդո Գլիմտին»։ Հաղթանակի դեպքում միլանյան գրանդը կհանդիպի «Բեշիքթաշ»-«Ռիո Ավե» զույգի հաղթողին։
Թոփ-5 լիգաների ներկայացուցիչներից մյուսը՝ «Ռեյմսը», արտագնա հանդիպում կանցկացնի հունգարական «Ֆեհերվարի» հետ։
Մյուս՝ քիչ թե շատ հետաքրքիր դիմակայություններից կարելի է առանձնացնել մի քանի հանդիպում։ Ռումինական «Ստյաուան», որը որակավորման առաջին փուլում հաղթել էր «Շիրակին», կհանդիպի չեխական «Սլովանի» հետ։ Հետաքրքիր կլինի նաև հետևել Շվեդիայի և Ռումինիայի չեմպիոնների դիմակայությանը․ «Յուրգորդենը» սեփական հարկի տակ կընդունի «Կլուժին»։ Եվրոպայի Լիգայի նախորդ առաջնությունում քառորդ եզրափակչի մասնակից դանիական «Կոպենհագենը» կընդունի լեհական «Պիաստին», իսկ 1/4-ի մյուս մասնակիցը՝ շվեյցարական «Բազելը», տանը կհանդիպի Հովհաննես Համբարձումյանի «Անորտոսիսի» հետ։
Ի դեպ, այս փուլում բոլորից շատ ներկայացուցիչ ունի Շոտլանդիան՝ 4 թիմ․ հատկանշական է, որ բոլոր չորս թիմերն էլ կխաղան մրցակցի հարկի տակ։ «Ռիգա»-«Սելթիկ» հանդիպմանը վերևում արդեն անդրադարձանք, իսկ ահա «Ռեյնջերսը» արտագնա հանդիպում կանցկացնի նիդերլանդական «Վիլհեմ II»-ի հետ, «Մազերվիլը» կուղևորվի Իսրայել՝ հանդիպելու Բիիր Շևայի «Հապոելի» հետ, իսկ ամենահետաքրքիր հանդիպումը, հավանաբար, կարելի է համարել Լիսաբոնի «Սպորտինգի» և «Աբերդինի» միջև դիմակայությունը։
Եվրոպա Լիգայի որակավորման 3-րդ փուլի մյուս զույգերն են․
🇨🇿 «Վիկտորիա Պլզեն»- 🇩🇰 «Սոնդերեյսկե»
🇸🇮 «Մուրա» — 🇳🇱 ՊՍՎ
🇧🇪 «Սպորտինգ» — 🇷🇸 «Պարտիզան»
🇸🇪 «Մամյո» — 🇭🇷 «Լոկոմոտիվ Զագրեբ»
🇳🇴 «Ռոսենբորգ»- 🇹🇷 «Ալանյասպոր»
🇧🇪 «Ստանդարտ» — 🇸🇪 «Վոյվոդինա»
🇹🇷 «Գալաթասարայ» — 🇭🇷 «Հայդուկ»
🇨🇾 ԱՊՕԵԼ- 🇧🇦 «Ժրինսկի»
🇧🇦 «Սարաևո» — 🇲🇪 «Բուդոչնոստ»
🇨🇭 «Սենտ Գալեն» — 🇬🇷 ԱԵԿ
🇦🇹 ԼԱՍԿ — 🇸🇰 ԴԱԿ
🇵🇱 «Լեգիա Վարշավա» — 🇽🇰 «Դրիտա»
Նշենք, որ եվրագավաթներում, բացի Ղազախստանից, այլևս ներկայացուցիչներ չունեն նաև Իսլանդիան, Ուելսը, Հյուսիսային Իռլանդիան, Լյուքսեմբուրգը, Լիխտեյնշտեյնը, Անդորրան, Ջիբրալթարը և Սան Մարինոն:
Հիշեցնենք, որ ինչպես և նախորդ փուլերում, Եվրոպա Լիգայի որակավորման երրորդ փուլի բոլոր դիմակայությունները ևս բաղկացած են մեկ խաղից։
Վար Բաբայան