Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարին հայտնել է, որ չարացած չէ ակումբի վրա իրեն հեռացնելու համար: Բացի դրանից, արգենտինացի մասնագետը խոստովանել է, որ հպարտանում է «Ռեալում» իր կատարած աշխատանքով:
Սոլարին թիմը գլխավորել է 2018-ի հոկտեմբերից մինչև 2019-ի մարտ: Անհաջող ժամանակահատվածից հետո նա հեռացվեց, իսկ նրան փոխարինեց Զինեդին Զիդանը:
Սոլարիի օրոք «Ռեալը» դուրս մնաց Իսպանիայի Գավաթի ու Չեմպիոնների լիգայի խաղարկություններից:
«Ես տեսնում եմ «Ռեալի» լավ խաղը ու շատ ուրախ եմ դրա համար: Ես ուրախ եմ, որ «Ռեալը» հաղթեց «Սևիլիային», մեզ պետք էր այդ հաղթանակը, այն շատ կարևոր է: Ոչ, ես հիասթափված չեմ, որ լքել եմ ակումբը: Մեծ պատիվ էր «Ռեալին» ծառայելը», — Սոլարիի խոսքերն է մեջբերել El Chiringuito-ն:
Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում «Ռեալը» այս պահին զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ «Աթլետիկին» զիջելով միայն լրացուցիչ ցուցանիշներով: