Սկոպյեի Տոդոր Պրոեսկու անվան Ազգային մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և պաշտպան Վարազդատ Հարոյանի նախախաղային մամուլի ասուլիսը։ Առաջինը լրագրողների հարցերին պատասխանեց մեր հավաքականի պաշտպանը․
«Չեմ կարծում որ վաղվա խաղում Մակեդոնիայի հավաքականը ֆավորիտ է։ Մակեդոնիայի առավելությունը այն է ,որ իրենց դաշտում ենք խաղում։ Շատ լավ ծանոթ ենք Մակեդոնիայի հավաքականին։
Գիտենք, որ մակեդոնացիները որակյալ ֆուտբոլիստներ ունեն։ Ինչ վերաբերվում է մեր հավաքականների նախորդ երկու դիմակայություններին, ֆուտբոլը սխալների խաղ է․ առաջին խաղում մենք սխալվեցինք, երկրորդում՝ նրանք։ Ծանոթ ենք թե Մակեդոնիայի հավաքականին, թե Վրաստանի հավաքականին, միայն Էստոնիայի հավաքականին ծանոթ չենք։ Էստոնիայի հավաքականին էլ կծանոթանանք։ Ինձ թվում է, մեր խմբում ֆավորիտներ չկան»,- ասել է Հարոյանը։
Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 5-ին Ազգերի լիգայում կմեկնարկի Հյուսիսային Մակեդոնիայի դեմ արտագնա խաղով: 3 օր անց Հայաստանի հավաքականը կընդունի Էստոնիայի ընտրանուն: