«Բարի Գալուստ ՆՈԱ ընտանիք, Սիենա՛»։ Հայաստանի գավաթակիր «Նոան» այսօր ֆեյսբուքյան էջում այսպիսի հայտարարություն արեց։
Մանրամասները ArmSport-ը փորձել է ճշտել «Նոայի» մամուլի քարտուղար Ռուբեն Մելոյանից։
««Նոա» ընկերությունների խումբը կամ հոլդինգը, որի նախագահն է Ռոման Գևորգյանը, շարունակում է իրականացնել իր հավակնոտ ծրագրերը, ինչի արդյունքը դարձավ այս անգամ Եվրոպայում ֆուտբոլային ակումբի ձեռքբերումը»,- մեզ հետ զրույցում ասաց Ռուբենը։
Նա հավելեց, որ «Սիենայի» նախագծում ներգրավված կլինեն մարդիկ, ովքեր ակտիվորեն աշխատում են նաև «Նոայի» հետ։
«Նոր թիմը ևս ձգտելու է հաջողության հասնել արդեն այս մրցաշրջանում և բարձրանալ ավելի բարձր իտալական սերիա։ Սրանով «Նոա» հոլդինգի գործունեությունը չի սահմանափակվի, առաջիկայում հնարավոր է նոր հետաքրքիր նախագծի մասին տեղեկություն ունենանք»,-իր խոսքը եզրափակեց Ռուբեն Մելոյանը։
Սիենա ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է Սիենայում, Տուսկանիայի շրջանում: Ակումբը վերստեղծվել է 2014 թվականին իր նախորդ ֆուտբոլային ակումբի սննկացումից հետո:
«Սիենան» իր տնային հանդիպումներն անցկացնում է «Արտեմիո Ֆրանկի» մարզադաշտում, որը կարող է ընդունել 15373 հանդիսական, և գտնվում է Սիենա քաղաքի կենտրոնում:
Ստելլա Բաբլոյան