Մոտ ապագայում Սաուդյան Արաբիայի ակումբները կարող են տպավորիչ տրանսֆերային արշավ սկսել։
Ինչպես հայտնում են Daily Mail-ը և The Times-ը, Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգան քննարկում է արտասահմանցի ֆուտբոլիստների գրանցման սահմանափակումների զգալի մեղմացումը։ Հնարավոր փոփոխությունները կարող են ճանապարհ բացել եվրոպական ֆուտբոլից նոր աստղեր ներգրավելու հերթական մեծ արշավի համար։
Գործող կանոնների համաձայն՝ սաուդյան ակումբները կարող են գրանցել տարիքային սահմանափակում չունեցող ութ արտասահմանցի ֆուտբոլիստի, ինչպես նաև ևս երկու երիտասարդ լեգեոների։ Առաջարկվող փոփոխությունների արդյունքում արտասահմանցի ֆուտբոլիստների քվոտան կարող է հասնել 14-ի։ Այդուհանդերձ, վերջնական որոշում դեռ չի հրապարակվել։
Եթե փոփոխություններն ուժի մեջ մտնեն մինչև 2027 թվականի ամառային տրանսֆերային պատուհանը, անգլիական Պրեմիեր լիգայի ֆուտբոլիստները կարող են դառնալ սաուդյան ակումբների գլխավոր թիրախներից մեկը։
Միևնույն ժամանակ, 2027/28 մրցաշրջանից սկսած՝ ակումբները պետք է շարունակեն պահպանել ֆինանսական կանոնները, որոնց համաձայն՝ հիմնական թիմի վրա կատարվող ծախսերը չեն կարող գերազանցել ակումբի եկամուտների 70 տոկոսը։




























































