Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հերքել է ակումբի վաճառքի մասին շրջանառվող լուրերը՝ դրանք անվանելով կեղծ, իսկ իր հասցեին հնչող քննադատությունները՝ կազմակերպված արշավ ակումբի դեմ։
«Ամիսներ շարունակ հրապարակվել են բացարձակապես կեղծ լուրեր՝ այն մասին, որ մադրիդիզմը պառակտված է։ Թեև նման բան միշտ էլ եղել է, վերջին ամիսներին որոշ լրատվամիջոցներ անցել են բոլոր սահմանները։ Դա կազմակերպված արշավ էր՝ ակումբի նկատմամբ վերահսկողություն հաստատելու նպատակով։ Եվ կար միայն մեկ պատասխան՝ ակումբի սեփականատերերին՝ սոսիոսներին վերադարձնել խոսքը։ Քանի դեռ ես նախագահ եմ, երբեք թույլ չեմ տա որևէ մեկին սեփական շահերը սոսիոսների շահերից վեր դասել։ Նրանց ճակատագիրը միշտ որոշելու են միայն իրենք, և ոչ ոք ուրիշ»,– Պերեսի խոսքերը մեջբերում է AS-ը։
Անդրադառնալով ակումբի կառուցվածքին՝ Պերեսը նշել է, որ «Ռեալի» պաշտպանությունը նաև նրա ապագայի պաշտպանությունն է։ Նա հերքել է այն տեղեկությունները, թե ակումբը պատրաստվում է վաճառվել, և սոսիոսները կդադարեն լինել դրա սեփականատերերը։
«Ասում էին, թե մենք պատրաստվում ենք վաճառել ակումբը, և սոսիոսները դադարելու են լինել դրա սեփականատերերը։ Այս ամենը սուտ է։ «Ռեալը» վաճառքի ենթակա չէ, նրա վաճառքի հարցը երբեք չի քննարկվել և երբեք չի քննարկվելու»,– հայտարարել է «Ռեալի» նախագահը։
Պերեսի խոսքով՝ ակումբի սեփականության և ապագայի վերաբերյալ որոշումները շարունակելու են մնալ բացառապես սոսիոսների իրավասության ներքո։



























































