Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ռմբարկու, ներկայումս ամերիկյան «Ինտեր Մայամիի» գույները պաշտպանող Լուիս Սուարեսը բարձր է գնահատել Ռաֆինյայի ելույթները կենտրոնական հարձակվողի դիրքում։
Ուրուգվայցի ֆուտբոլիստը խոստովանել է, որ բրազիլացու նման դիրքային փոփոխությունն իր համար անսպասելի է եղել, սակայն գրանցած արդյունքները լիովին համապատասխանում են նրա խաղային բարձր որակներին։
«Անկեղծ ասած՝ դա ինձ զարմացրեց, քանի որ հարձակման կենտրոնը նրա հարազատ դիրքը չէ։ Բայց սա ևս մեկ ապացույց է, թե ինչի է ընդունակ Ռաֆինյան։ «Բարսելոնային» անհրաժեշտ էր «կեղծ իննյակ» կամ խելացի ու արագաշարժ հարձակվող, որը կարողանում է սառնասրտորեն եզրափակել գրոհները։ Նա առավելագույնս օգտվեց իրեն ընձեռված հնարավորությունից և դարձավ թիմի առանցքային առաջատարներից մեկը, ինչը նրան էլ ավելի մեծ ինքնավստահություն է հաղորդում։ Զարմանալի է բուն դիրքային փոփոխությունը, բայց հաշվի առնելով նրա վարպետությունը՝ այս արդյունավետությունն ամենևին էլ անակնկալ չէ»,- Սուարեսի խոսքերն է մեջբերում Barça Universal-ը։
Նշենք, որ 2026/27 մրցաշրջանում բրազիլացին ֆենոմենալ արդյունավետություն է ցուցադրում։ Բոլոր մրցաշարերում անցկացրած 14 հանդիպմանը Ռաֆինյան դարձել է 19 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Հանսի Ֆլիկի մարտավարական սխեմայում նա ոչ միայն արդյունավետորեն եզրափակում է գրոհները, այլև ակտիվորեն մասնակցում է խաղարկմանն ու ազատ գոտիներ ստեղծում թիմակիցների համար։
Անդրադառնալով Չեմպիոնների լիգայում հարազատ ակումբի հնարավորություններին՝ Սուարեսը նշել է, որ «կապտանռնագույններն» ունեն բոլոր նախադրյալները տիտղոսի համար պայքարելու համար.
«Հուսով եմ՝ այս տարին հաջող կդասավորվի։ Ներկայիս կազմը լիովին համապատասխանում է այդ բարձր մակարդակին։ «Բարսելոնայում» դու պարտավոր ես երեք օրը մեկ ապացուցել քո ուժը, քանի որ այստեղ պահանջներն ու քննադատությունը չափազանց մեծ են։ Այս պահին թիմը բոլոր մրցաշարերում հաղթելու լուրջ հավակնորդ է, սակայն ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ մարզավիճակում նրանք կմոտենան մրցաշրջանի վճռորոշ հատվածին»։
Հիշեցնենք, որ Լուիս Սուարեսը «Բարսելոնայում» հանդես է եկել 2014-ից 2020 թվականներին՝ 283 խաղում դառնալով 198 գոլի հեղինակ. նա ակումբի պատմության երրորդ լավագույն ռմբարկուն է։
Հավելենք, որ կատալոնական ակումբն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 22-ին՝ Լա լիգայի 13-րդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ ընդունելով «Վիլյառեալին»։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին։


























































