Լիոնել Մեսսիի և Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի ղեկավարության հարաբերությունները հայտնվել են փակուղում։ Իսպանական հեղինակավոր Marca պարբերականի հաղորդմամբ՝ «Ինտեր Մայամիի» հարձակվողը պահանջել է կառույցից անմիջապես դադարեցնել իր անվան, լուսանկարների և տեսանյութերի օգտագործումը գովազդային ու կոմերցիոն նպատակներով։
Արգենտինական Clarín պարբերականի լրագրող Նիկոլաս Վինյասկուն մանրամասնում է, որ ֆուտբոլիստի իրավաբաններն արդեն պատրաստել են համապատասխան իրավական պահանջը, որն արգելում է ֆեդերացիային առանց հատուկ համաձայնության շահարկել Մեսսիի կերպարը։ Թեև աղբյուրների տեղեկությունները փաստաթղթի պաշտոնական հանձնման պահով տարբերվում են (ըստ որոշ տվյալների՝ այն արդեն ուղարկվել է, ըստ մյուսների՝ պատրաստ է ուղարկման), ակնհայտ է, որ աշխարհի չեմպիոնն այլևս չի ցանկանում ասոցացվել ֆեդերացիայի ներկայիս ղեկավարության հետ։
Լարվածության հիմնական պատճառներից մեկը կոմերցիոն շահերի բախումն է։ Մեսսին բացառիկ պայմանագիր ունի ամերիկյան Michelob գարեջրի ապրանքանիշի հետ և հանդիսանում է դրա գովազդային դեմքը։ Սակայն Արգենտինայի հավաքականի հովանավորներից մեկը՝ գարեջուր արտադրող տեղական ընկերությունը, գովազդային արշավում օգտագործել է Մեսսիի կերպարը։ Սա ուղղակիորեն խախտել է ֆուտբոլիստի միջազգային պարտավորությունները, ինչի հետևանքով նրա ներկայացուցիչները ստիպված են եղել բացատրություններ տալ ամերիկյան գործընկերներին։
Բացի այդ, Մեսսիի շրջապատին խիստ անհանգստացնում են AFA-ի վերնախավի շուրջ հասունացող ֆինանսական սկանդալներն ու իրավական խնդիրները։ Ֆուտբոլիստը մտավախություն ունի, որ այդ պատմությունները կարող են ստվեր գցել իր միջազգային հեղինակության վրա և վնասել գործընկերային հարաբերություններին։
Երկար տարիներ Մեսսին ջերմ հարաբերությունների մեջ էր AFA-ի նախագահ Կլաուդիո Տապիայի հետ և մշտապես աջակցում էր նրան։ Այժմ, սակայն, իրավիճակը կտրուկ փոխվել է. լեգենդար արգենտինացին ցանկանում է խզել ոչ միայն գործնական, այլև անձնական շփումները ինչպես Տապիայի, այնպես էլ կառույցի գանձապահ Պաբլո Տովիգինոյի հետ։
Ֆուտբոլիստի դժգոհության բաժակը լցրել է նաև հոկտեմբերին Բենինի դեմ կայացած հրաժեշտի հանդիպման կազմակերպչական ֆիասկոն։ Խաղից առաջ և դրա ընթացքում գրանցվել էին ձայնային համակարգի ու լուսային շոուի լուրջ խափանումներ։ Ավելին՝ բուռն քննադատության ու ծաղրի էր արժանացել դրոններով երկնքում պատկերված շոուն, որտեղ ձախլիկ Մեսսին ներկայացվել էր աջ ոտքով հարվածելիս։
Նշենք, որ ինքը՝ Լիոնել Մեսսին, ստեղծված իրավիճակի վերաբերյալ դեռևս հանդես չի եկել պաշտոնական հայտարարությամբ։

























































