Մադրիդի «Ռեալը» համաձայնության է եկել Իսպանիայի երրորդ դիվիզիոնը (Պրիմերա Ֆեդերասիոն) ներկայացնող «Լոգրոնյեսի» 19-ամյա կիսապաշտպան Լատիֆ Իսմանի տրանսֆերի շուրջ։
Ինչպես հաղորդում է Marca-ն, գործարքը վերջնականապես համաձայնեցվել է հինգշաբթի՝ նոյեմբերի 12-ին։ Երիտասարդ ֆուտբոլիստը «Ռեալ Կաստիլիային» կմիանա հաջորդ ամռանը։
Մադրիդյան ակումբն Իսմանի ելույթներին հետևում էր դեռևս այս տարվա ամռանից, իսկ վերջին շաբաթների ընթացքում բանակցություններն ավելի էին ակտիվացել։ Ըստ աղբյուրի՝ «արքայական» ակումբում խաղացողին դիտարկում են որպես հեռանկարային կենտրոնական կիսապաշտպանի, որն ունակ է դաշտի կենտրոնում հավասարակշռություն ապահովել ու արդյունավետորեն միանալ թիմի գրոհներին։
Նշենք, որ Իսմանը «Լոգրոնյեսի» գլխավոր թիմում հանդես է գալիս 2025 թվականի հուլիսից։ Ընթացիկ մրցաշրջանում նա անցկացրել է 11 հանդիպում (որոնցից 9-ը՝ մեկնարկային կազմում), դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ, ինչպես նաև ստացել 2 դեղին և 1 կարմիր քարտ։





























































