Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով պաշտոնապես հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի առաջիկա ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու որոշման մասին։
Իր ուղերձում Ղազարյանը նախ շնորհակալություն է հայտնել երկրպագուներին վստահության և իր թեկնածությունն առաջարկելու համար՝ շեշտելով, որ իր որոշումն ինքնանպատակ չէ կամ անձնական հավակնությունների հարց, այլ պայմանավորված է հայկական ֆուտբոլի ապագայի հանդեպ մեծ պատասխանատվությամբ։ Նա ընդգծել է, որ ունենալով ֆուտբոլային երկարամյա փորձ՝ ներսից է տեսնում առկա խնդիրներն ու հնարավորությունները, որոնք իրացնելու համար անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, մասնագիտական կառավարում և հստակ ռազմավարություն։
Որպես գլխավոր առաջնահերթություններ՝ նախկին ֆուտբոլիստն առանձնացրել է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը, մարզիչների կրթությունը, ժամանակակից ենթակառուցվածքների ստեղծումն ու ակումբների հետ արդյունավետ համագործակցությունը:
Անդրադառնալով կազմակերպչական հարցերին՝ Ղազարյանը սկզբունքային է համարել ընտրական ողջ գործընթացի արդար և թափանցիկ անցկացումը՝ կոչ անելով հայկական ֆուտբոլի բոլոր սերունդների ներկայացուցիչներին, մասնագետներին ու ակումբներին համախմբվել այս նախաձեռնության շուրջ: Նրա խոսքով՝ մեկ մարդը չի կարող լուծել տարիներով կուտակված խնդիրները, ուստի անհրաժեշտ է ձևավորել պրոֆեսիոնալ թիմ և ստեղծել կառավարման այնպիսի համակարգ, որը կվայելի ֆուտբոլային ողջ հանրության վստահությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների FAF շարժումը (First Armenian Front) պահանջել էր ՀՖՖ ներկայիս ղեկավարության հրաժարականը և հայտարարել, որ առաջիկա ընտրություններում որպես նախագահի միասնական թեկնածու առաջադրելու և պաշտպանելու է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը։
Գևորգ Ղազարյանի ամբողջական հայտարարությունը` ստորև.

























































