Հայաստանի ազգային հավաքականի նորեկ, MLS-ը ներկայացնող «Օռլանդո Սիթիի» 21-ամյա եզրային հարձակվող Հարվի Սարաջյանը ՀՖՖ-ի մամուլի ծառայության հետ զրույցում պատմել է իր հայկական արմատների և իր ինքնության կերտման հարցում Հայաստանի ունեցած նշանակության մասին։
Նա անդրադարձել է նաև Յուրա Մովսիսյանի հետ ունեցած որոշիչ հանդիպմանն ու ազգային թիմին օգնելու իր մեծ ցանկությանը․
«Ինձ համար շատ մեծ նշանակություն ուներ Հայաստանի ազգային հավաքականն ընտրելը։ Ես ծնվել և մեծացել եմ Ամերիկայում, բայց հայկական ծագումս միշտ եղել է իմ ինքնության անբաժանելի մասը։ Երբ այդ հնարավորությունն ընձեռվեց, ես այն ընկալեցի որպես իմ արմատներին ավելի մոտենալու, ընտանիքս ներկայացնելու և հայ ժողովրդին հպարտանալու առիթ տալու հնարավորություն։
Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման։ Հաշվի առնելով, թե Յուրան որքան մեծ նվաճումների է հասել հայկական ֆուտբոլում, նրա հետ հանդիպումն անչափ շատ յուրահատուկ պահ դարձավ։ Յուրա Մովսիսյանի հետ զրույցն իսկապես մեծ ոգևորություն առաջացրեց և ես էլ ավելի ոգևորությամբ հավատացի հայկական ֆուտբոլի ապագային։
Ես գիտեմ, թե ֆուտբոլն ինչ նշանակություն ունի հայ ժողովրդի համար։ Ցանկանում եմ իմ ներդրումն ունենալ ազգային հավաքականի զարգացման գործում, օգնել նրան մրցունակ դառնալ և հուսով եմ՝ միասին հասնել մի մեծ ու հիշարժան հաջողության»,- ասել է Հարվի Սարաջյանը։
Հիշեցնենք, որ Սարաջյանի՝ Հայաստանի հավաքականը ներկայացնելու գործում անմիջական ներգրավվածություն է ունեցել Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան, ազգային ընտրանու նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը, որն անձամբ մեկնել էր Օռլանդո և հանդիպել ֆուտբոլիստի հետ։
Հայաստանի ազգային հավաքականն իր առաջիկա հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 12-ին՝ ժամը 21:00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում՝ հյուրընկալելով Կիպրոսի ընտրանուն։

























































