Իտալական «Միլանի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն կոշտ քննադատության է ենթարկել Ա Սերիայի 11-րդ տուրի՝ «Ջենոայի» դեմ արտագնա խաղի (2։1) մրցավարական որոշումներից մեկը՝ մրցավարական փորձագետներին մեղադրելով իրականությունը խեղաթյուրելու մեջ։
Չնայած «ռոսոներիների» տարած հաղթանակին, որն ապահովել են Ալֆաջո Սիսեի և Քրիստիան Պուլիշիչի գոլերը, հանդիպումից հետո գլխավոր քննարկման թեման դարձել է 50-րդ րոպեին գրանցված վիճահարույց դրվագը։ Ռաբյոն խլել է գնդակը տանտերերի պաշտպան Ալեսանդրո Մարկանդալիից և շարժվել դեպի մրցակցի դարպասը, սակայն վերջինս կանոնների խախտմամբ կանգնեցրել է նրան։ «Միլանի» ֆուտբոլիստները պահանջել են կարմիր քարտ ցույց տալ՝ պնդելով, որ խախտումը կանխել է ակնհայտ գոլային հնարավորություն։
Հանդիպման գլխավոր մրցավար Դավիդե Մասան, սակայն, սահմանափակվել է դեղին քարտով, իսկ VAR համակարգը չի փոխել որոշումը։ Բուռն բողոքի համար զգուշացվել է նաև ինքը՝ ֆրանսիացի կիսապաշտպանը։
Խաղից հետո նախկին մրցավար Ջանպաոլո Կալվարեզեն սոցիալական ցանցերում արդարացրել է մրցավարի որոշումը՝ ներկայացնելով մասնագիտական պարզաբանում.
«Որպեսզի խախտումը որակվի որպես ակնհայտ գոլային պահի կանխում, հաշվի են առնվում չորս չափանիշներ՝ գնդակի վերահսկողությունը, գրոհի ուղղությունը, պաշտպանների քանակը և դարպասից ունեցած հեռավորությունը։ Տվյալ դրվագում խախտումը տեղի է ունեցել եզրային հատվածում՝ դարպասից մոտ 60-65 մետր հեռավորության վրա, ուստի դեղին քարտով սահմանափակվելը միանգամայն հիմնավորված էր։ Միևնույն ժամանակ, եթե մրցավարը ցույց տար կարմիր քարտ, VAR-ը չէր կարող միջամտել, քանի որ դա կդիտարկվեր որպես խաղադաշտում կայացված սուբյեկտիվ որոշում»։
Նախկին մրցավարի այս վերլուծությունը զայրացրել է Ռաբյոյին, որը մեկնաբանություններում կոշտ պատասխան է տվել Կալվարեզեին.
«Կյանքում, ինչպես և ֆուտբոլում, բոլորն էլ կարող են սխալվել, բայց պետք է գոնե կարողանալ ընդունել սեփական սխալները։ Մշտական ստերը ձեզ չեն օգնի առաջընթաց գրանցել, իսկ դրա հետևանքները կկրի իտալական ֆուտբոլը։ Մտածեք այդ մասին։ Բարի երեկո»։
Ֆրանսիացի ֆուտբոլիստի և նախկին մրցավարի հեռակա բանավեճը լայն արձագանք է գտել իտալական առաջատար պարբերականներում, այդ թվում՝ La Gazzetta dello Sport-ում և Corriere dello Sport-ում։
























































