Իտալիայի Ա Սերիայի 11-րդ տուրում Միլանի «Ինտերը» հարազատ «Ջուզեպպե Մեացա» («Սան Սիրո») մարզադաշտում հյուրընկալեց «Կոմոյին»։ Դանիելե Կիֆիի սպասարկած հանդիպումն ավարտվեց տանտերերի վստահ հաղթանակով՝ 2:0 հաշվով։
Միլանյան ակումբը հանդիպման ելքը վճռեց դեռևս մեկնարկային 20 րոպեների ընթացքում։ Արդեն 12-րդ րոպեին Ջեդ Սփենսի փոխանցումից հետո հաշիվը բացեց տանտերերի հարձակվող Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոն։ Ընդամենը 7 րոպե անց՝ 19-րդ րոպեին, Մարկուս Թյուրամը կրկնապատկեց «Ինտերի» առավելությունը։
«Ներաձուրիների» կազմում հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը խաղադաշտ դուրս եկավ 72-րդ րոպեին։
Այս հաղթանակի շնորհիվ «Ինտերը» միավորների քանակը հասցրեց 28-ի և բարձրացավ մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական՝ առաջատար «Լացիոյին» զիջելով ընդամենը մեկ միավորով։ «Կոմոն» 23 միավորով եզրափակում է լավագույն հնգյակը։
Հաջորդ տուրում՝ նոյեմբերի 22-ին, «Ինտերը» արտագնա սկզբունքային հանդիպում կանցկացնի «Ատալանտայի» դեմ, իսկ «Կոմոն» նոյեմբերի 21-ին սեփական հարկի տակ կընդունի «Կալյարիին»։
Մրցաշարային աղյուսակն այս պահին


























































