Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը բուռն դժգոհություն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի որոշման կապակցությամբ, երբ վերջինս Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 2-րդ տուրի՝ իտալական «Ռոմայի» դեմ հանդիպման (4:3) ընթացքում փոխարինել է նրան։
Հանդիպման 59-րդ րոպեին, երբ «արքայական» ակումբը պարտվում էր 1:3 հաշվով, Մոուրինյուն դաշտից դուրս է բերել արդյունավետ գործողություններով աչքի չընկած Վինիսիուսին՝ նրա փոխարեն խաղադաշտ դուրս բերելով Էնդրիկին։ Խաղադաշտի եզրին աշխատող լրագրողների փոխանցմամբ՝ պահեստային մրցավարի ցուցանակը տեսնելուց հետո 26-ամյա վինգերը, ուղևորվելով պահեստայինների նստարանի մոտ, զգացմունքային կերպով ձեռքերով ժեստեր է արել և մի քանի անգամ բղավել մարզչական շտաբի ուղղությամբ․ «Ինչո՞ւ նա ինձ փոխարինեց»։
Հատկանշական է, որ այդ փոխարինումից հետո մադրիդյան գրանդը կարողացավ ամբողջությամբ բեկել խաղի ընթացքը՝ 80-րդ րոպեից հետո խփելով երեք գնդակ և տոնելով գերկամային հաղթանակ։
Հանդիպումից հետո Ժոզե Մոուրինյուն անդրադարձել է միջադեպին՝ ըմբռնումով մոտենալով իր ֆուտբոլիստի զգացմունքներին․
«Առաջին խաղակեսն իմ մեղավորությունն էր։ Կամ էլ՝ Գասպերինիի։ Նա խաղադաշտ դուրս բերեց Սուլեին, և Ուեսլին պարզապես ճեղքում էր մեր պաշտպանությունը՝ անընդհատ երկուսը մեկի դեմ իրավիճակներ ստեղծելով։ Վինիսիուսի համար շատ բարդ էր։ Երկրորդ խաղակեսում ես նրան ազատություն տվեցի գործելու մյուս եզրում, իսկ Դիոմանդեն չեզոքացրեց Ուեսլիին։ Վինիսիուսը կորցրեց մի գնդակ, որը չպետք է կորցներ։ Բայց ոչինչ, ես նույնպես սխալվում եմ։ Ցավալի է, որ դա տեղի ունեցավ հենց այն պահին, երբ նա սկսել էր մարզավիճակ հավաքել և կրկին հաճույք ստանալ խաղից։
Միանգամայն նորմալ է, որ նա դժգոհ է։ Եթե նա վարվեր այնպես, ինչպես շատ ուրիշներ, և շիշ շպրտեր, դա ինձ դուր չէր գա։ Հիասթափությունը նորմալ երևույթ է։ Սակայն խաղից հետո նա շատ ուրախ էր հաղթանակի համար»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Managing Madrid-ը։
Հիշեցնենք, որ «Ռեալը» կարողացավ 4:3 հաշվով ավարտել «Ռոմայի» հետ գերլարված հանդիպումը։
























































