Ամերիկյան MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Օռլանդո Սիթին» Inter.co մարզադաշտում դրամատիկ պայքարում 3:2 հաշվով կամային հաղթանակ է տարել «Կոլամբուս Քրյուի» նկատմամբ:
Խաղի գլխավոր հերոսներից մեկը դարձել է 21-ամյա հայ հարձակվող Հարվի Սարաջյանը, ով իր նորամուտն էր նշում ֆլորիդյան ակումբի մեկնարկային կազմում և աչքի ընկավ անհավանական արագ գոլով:
Посмотреть эту публикацию в Instagram
Խաղի մեկնարկից ընդամենը 46 վայրկյան անց՝ ձախ վինգերի դիրքում հանդես եկող Սարաջյանը բացել է հանդիպման հաշիվը: Իվան Անգուլոյի ճեղքումից հետո ֆրանսիական ֆուտբոլի աստղ Անտուան Գրիզմանը գնդակը հասցեագրել է տուգանային հրապարակի կենտրոն, որտեղից հայ ֆուտբոլիստը աջ ոտքի դիպուկ հարվածով այն ուղարկել է դարպասի ստորին աջ անկյունը: Այս գնդակը դարձավ երրորդ ամենաարագ գոլը «Օռլանդոյի» պատմության մեջ:
«Մենք ցանկանում էինք արագ սկսել հանդիպումը: Նախախաղային ամբողջ խոսակցությունն էներգիայի և ակտիվ մեկնարկի մասին էր, քանի որ վերջերս դանդաղ էինք սկսում խաղերը: Երբ գնդակը հայտնվեց ինձ մոտ, ես պարզապես պետք է եզրափակեի այն, որպեսզի ոգևորեի թիմին մի քանի վատ արդյունքներից հետո»,- խաղից հետո նշել է հայ հարձակվողը:
Հարվի Սարաջյանն աստիճանաբար ամրապնդվում է առաջին թիմում, և սա նրա երկրորդ անընդմեջ տնային խաղն էր, որում նա դառնում է գոլի հեղինակ: Ընթացիկ մրցաշրջանում նա MLS-ում անցկացրել է արդեն 10 հանդիպում, խփել 2 գոլ և կատարել 1 արդյունավետ փոխանցում: Մինչ այդ նա փայլում էր MLS NEXT Pro-ում հանդես եկող «Օռլանդոյի» պահեստային թիմում, որտեղ 16 խաղում դարձել էր 7 գոլի և 6 ասիստի հեղինակ:
Հանդիպման ընթացքն առանձնացել է լարված սյուժեով: 7-րդ րոպեին հյուրերը Տահա Հաբրունի ջանքերով հավասարեցրել են հաշիվը, սակայն 16-րդ րոպեին նույն Գրիզմանը փայլուն իրացրած տուգանայինով վերականգնել է «Օռլանդոյի» առավելությունը: Ընդհանուր առմամբ, Աշխարհի 2018 թ. չեմպիոնը ֆանտաստիկ հանդիպում է անցկացրել՝ վաստակելով առավելագույն 10.0 գնահատականն ու ճանաչվելով հանդիպման լավագույն խաղացող: Երկրորդ կեսում «Կոլամբուսը» կրկին վերականգնել է հավասարությունը՝ 53-րդ րոպեին աչքի է ընկել Բրայս Մենդեսը: Տանտերերը հաղթանակը կորզել են բուն ժամանակի ավարտից ընդամենը մեկ րոպե առաջ՝ 89-րդ րոպեին, Իվան Անգուլոյի դիպուկ հարվածի շնորհիվ:
Խաղը նշանավորվել է նաև պատմական ռեկորդով. «Օռլանդոյի» դարպասապահ Մաքսիմ Կրեպոն 12 սեյվ է կատարել՝ գերազանցելով ակումբի՝ մեկ խաղում կատարած սեյվերի ռեկորդը: Իսկ Անտուան Գրիզմանն արդեն 8-րդ խաղն անընդմեջ արդյունավետ գործողությամբ է աչքի ընկնում MLS-ում (ամռանը թիմին միանալուց հետո բոլոր մրցաշարերում նա ունի 10 գոլ և 5 ասիստ):
Հաջորդ հանդիպումը «Օռլանդո Սիթին» կանցկացնի հոկտեմբերի 14-ին՝ հյուրընկալվելով «Տորոնտոյին»:



























































