UFC-ի թեթև քաշային կարգի մարտիկ, անգլիացի Փեդի Պիմբլետը բացատրել է, թե ինչու հարգանք չի տածում նույն քաշային կարգի դասակարգման երկրորդ համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանի նկատմամբ։
«Անկեղծ ասած՝ ես հարգում եմ Իլիա Թոփուրիային: Նրան լավ մարտիկ եմ համարում։ Նա քրտնաջան աշխատել է հասնելու այնտեղ, որտեղ հիմա կա: Իսկ Արմանին չեմ հարգում: Նրան ամեն ինչ պատրաստի մատուցվել է սկուտեղի վրա: Նա նախաճաշին 2 հազար դոլարանոց խավիար է ուտում: Մաժոր է: Ինչ-որ պահի ես կմենամարտեմ նրա հետ և խեղդող հնարքով կամ հարվածով կզրկեմ գիտակցությունից»,- Պիմբլետի խոսքերն է մեջբերում Kolos MMA յութուբյան ալիքը։
Նշենք, որ 31-ամյա Պիմբլետը խառը մարտարվեստներում (MMA) իր պրոֆեսիոնալ ռեկորդում գրանցել է 24 հաղթանակ (որոնցից 18-ը՝ ժամկետից շուտ) և 4 պարտություն: Անգլիացի մարտիկը պրոֆեսիոնալ օկտագոնում ելույթ է ունենում 2012 թվականից և ունի բրազիլական ջիու-ջիտսուի սև գոտի։




























































