«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան արդեն մտածում է թիմի ապագա մարզչի մասին։ El Nacional-ի տեղեկություններով՝ կատալոնական ակումբում Հանսի Ֆլիկին հաջորդող գլխավոր մարզիչի հիմնական թեկնածուն «Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասն է։
Նշվում է, որ «Բարսելոնան» ներկայում լիովին վստահում է Ֆլիկին, և թիմը լավ արդյունքներ է գրանցում։ Սակայն գերմանացի մասնագետի աշխատանքային շրջանի ավարտից հետո ակումբը ցանկանում է գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել հենց Ֆաբրեգասին։
Ֆաբրեգասի պայմանագրում, ըստ աղբյուրի, կա կետ, որը կարող է հեշտացնել նրա ապագա տեղափոխությունը «Բարսելոնա»։
Նման տեղեկություն ավելի վաղ ևս հրապարակվել էր։ Ինչպես հայտնում է AS-ը, Սեսկ Ֆաբրեգասի՝ «Կոմոյի» հետ պայմանագրում նախատեսված են հատուկ պայմաններ՝ համաձայնագրի վաղաժամկետ խզման դեպքում։ Եթե «Արսենալը», «Չելսին» կամ «Բարսելոնան» ցանկանան Ֆաբրեգասին նշանակել գլխավոր մարզիչ, նրանք կկարողանան դա անել նախապես սահմանված ֆիքսված գումարի դիմաց՝ առանց իտալական ակումբի հետ առանձին բանակցություններ վարելու անհրաժեշտության։
«Բարսելոնան» ներկայում Լա Լիգայի առաջատարն է՝ 7 տուրից հետո վաստակած 21 միավորով։
























































