Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբի պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիքսը խոստովանել է, որ ծրագրում է մոտ ապագայում վերադառնալ եվրոպական ֆուտբոլ:
26-ամյա ֆուտբոլիստը չի թաքցնում, որ կարոտում է Չեմպիոնների լիգան և, մասնավորապես, կատալոնական «Բարսելոնան»:
«Ծրագրում եմ վերադառնալ Եվրոպա, թեև, հնարավոր է, դա միանգամից տեղի չունենա: Դեռ չգիտեմ՝ այս մրցաշրջանի ավարտի՞ն կլինի, թե՞ հաջորդ, բայց ցանկանում եմ կրկին խաղալ ու մրցակցել Չեմպիոնների լիգայում:
«Բարսելոնայում» ելույթներն ինձ պարզապես երջանիկ էին դարձնում: Դա ոչ միայն իմ, այլև հորս ու եղբորս մանկության երազանքն էր: Կատալոնական ակումբի մարզաշապիկը կրելն ինձ համար մեծ պատիվ էր»,- Ֆելիքսի խոսքերն է փոխանցում իսպանական AS պարբերականը:
Հիշեցնենք, որ պորտուգալացին «Ալ-Նասրի» գույները պաշտպանում է 2025 թվականի հուլիսից, իսկ նրա գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը: 2025/26 մրցաշրջանում անցկացրած 47 հանդիպումներում Ֆելիքսը դարձել է 26 գոլի և 18 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Նախկինում հարձակվողը հասցրել է հանդես գալ այնպիսի ակումբներում, ինչպիսիք են Լիսաբոնի «Բենֆիկան», Մադրիդի «Ատլետիկոն», Լոնդոնի «Չելսին», կատալոնական «Բարսելոնան» և իտալական «Միլանը»: Հեղինակավոր Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը ներկայումս գնահատում է 28 միլիոն եվրո:



























































