Սեպտեմբերի 26-ին Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում՝ 46-րդ Համաշխարհային օլիմպիադայի շրջանակում կայացած Գլխավոր ասամբլեայի ընթացքում, Ղազախստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տիմուր Տուրլովն ընտրվել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի նոր նախագահ։
38-ամյա Տուրլովը հաղթանակ է տարել ընտրությունների երկրորդ փուլում՝ ստանալով 110 ձայն։ Նա դարձավ ՖԻԴԵ-ի պատմության մեջ երկրորդ ամենաերիտասարդ ղեկավարը։
Ընտրություններին մասնակցել են 196 ազգային ֆեդերացիաների պատվիրակներ։ Նախագահական աթոռի համար պայքարում էր երեք թեկնածու: Առաջին փուլում ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Տուրլովը ստացել է 96, գերմանացի Վադիմ Ռոզենշտեյնը՝ 76, իսկ Յան Հենրիկ Բյուտները (Գերմանիա)՝ 20 ձայն։
Երկու ժամ անց կայացած վճռորոշ երկրորդ փուլում Տուրլովը 110-85 ձայների հարաբերակցությամբ հաղթել է Ռոզենշտեյնին՝ պաշտոնապես դառնալով ՖԻԴԵ-ի 8-րդ նախագահը։ Այս պաշտոնում նա կփոխարինի Արկադի Դվորկովիչին, ով միջազգային կառույցը ղեկավարում էր նախորդ երկու ժամկետներում՝ 2018-ից մինչև 2026 թվականը։
«Մենք բոլորս մեկ ընտանիք ենք և շարունակելու ենք աշխատել որպես մեկ ամբողջություն։ Սա մեծ պատասխանատվություն է և քվե՝ հանուն մեր մարզաձևի ավելի լավ ապագայի։ Անհամբերությամբ սպասում եմ շախմատն առաջ մղելուն և այս խաղին արժանի ուշադրությունն ապահովելուն», — ընտրությունների արդյունքներից հետո նշել է Տուրլովը:
ՖԻԴԵ-ի նախկին նախագահ Արկադի Դվորկովիչը շնորհավորել է նորընտիր ղեկավարին՝ մաղթելով հաջողություններ.
«Տիմուրն արդեն շատ բան է արել շախմատի համար, և վստահ եմ, որ որպես ՖԻԴԵ-ի նախագահ՝ ավելին կանի: Նա ու իր թիմն ունեն էներգիա, հստակ ծրագիր և ռեսուրսներ: Այս արդյունքը ցույց է տալիս, որ Տիմուրն ունի լուրջ աջակցություն»։
Օլիմպիադան և ՖԻԴԵ-ի կոնգրեսը հյուրընկալած Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլա Արիպովը նույնպես ողջունել է ներկաներին՝ ընդգծելով իրենց երկրի հանձնառությունը աշխարհում շախմատի և բարեկամության ամրապնդման գործում։
1987թ. ծնված Տիմուր Տուրլովը տնտեսագետ է, միջազգային Freedom Holding Corp. ֆինանսական խմբի գլխավոր գործադիր տնօրենը, որի կապիտալիզացիան NASDAQ բորսայում կազմում է շուրջ 11 մլրդ դոլար:
2023 թվականի հունվարից նա ղեկավարում է Ղազախստանի շախմատի ֆեդերացիան: Տուրլովը նաև Դպրոցական շախմատի միջազգային ֆեդերացիայի (ISCF) հիմնադիր նախագահն է, որը ստեղծվել է 2024 թվականի սեպտեմբերին։
Վերջին երեք տարիների ընթացքում նրա Freedom Holding Corp. ընկերությունը մոտ 30 մլն դոլար է հատկացրել Ղազախստանում շախմատի զարգացման համար և աջակցել ՖԻԴԵ-ի ավելի քան 20 խոշոր միջազգային մրցաշարերի անցկացմանը՝ դառնալով շախմատի ամենախոշոր մասնավոր հովանավորներից մեկն աշխարհում:
Տուրլովը գլխավորում է նաև Թյուրքական շախմատային ասոցիացիան, որի հովանու ներքո 2026 թվականին Աստանայում անցկացվեց Թյուրքալեզու պետությունների թիմային անդրանիկ առաջնությունը։ ՖԻԴԵ-ի նոր նախագահը ժամանակակից թվային լուծումների և թափանցիկ կառավարման ակտիվ ջատագով է։



























































