Նիդերլանդների ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Չավի Էռնանդեսը հայտնվել է պատմականորեն զավեշտալի իրավիճակում։ Կատալոնացի մասնագետը, ով 2021-2024 թթ. մարզում էր կատալոնական «Բարսելոնան», օգոստոսի 12-ից պաշտոնապես ստանձնել է «նարնջագույնների» ղեկը։ Նա արդեն իսկ խոստացել է սովորել Նիդերլանդների ազգային օրհներգը՝ չնայած այն հանգամանքին, որ տեքստն ուղղակիորեն առնչվում է Իսպանիային և տեղ-տեղ պարունակում է հակաիսպանական շեշտադրումներ։
Ազգերի լիգայի շրջանակում Ամստերդամի «Յոհան Կրոյֆ» մարզադաշտում Գերմանիայի դեմ կայանալիք իր նորամուտի խաղից առաջ լրագրողները հարցրել են Չավիին՝ արդյո՞ք նա պատրաստվում է կատարել օրհներգը։
«Ես կփորձեմ։ Խոստացել եմ ֆուտբոլի ասոցիացիայի փոխնախագահ Մարիաննա վան Լեուվենին, բայց դեռ վաղ է։ Գիտեմ Իսպանիայի թագավորի հետ կապված պատմությունը, նա ինձ անձամբ է այն պատմել, սակայն հոլանդերենն ինձ համար նորություն է և ժամանակ է պետք», — ժպիտով պատասխանել է իսպանացի մասնագետը։
Ինչո՞ւ է Նիդերլանդների օրհներգը հակասական Չավիի համար
́, ́ : “Intentaré aprenderme el himno nacional. Sé su historia, pero necesito tiempo” https://t.co/JD9SmlnDeG
— Diario SPORT (@sport) September 21, 2026
Նիդերլանդների օրհներգը՝ «Վիլհելմուսը», համարվում է աշխարհի ամենահին պետական օրհներգերից մեկը, որը գրվել է 1568-1572 թվականներին։ Այն հիմնականում պատմում է Ութսունամյա պատերազմի իրադարձությունների, հոլանդացիների ազատագրական պայքարի և ազգային արժանապատվության մասին: Երգը նվիրված է Վիլհելմ Օրանացուն, ով գլխավորում էր ապստամբությունը Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II-ի դեմ։ Տեքստում միահյուսված են ցավը՝ «դաժան իսպանացիների» կողմից ավերված հողերի, թալանված քաղաքների համար, և միևնույն ժամանակ քաղաքական նուրբ հավատարմությունը Իսպանիայի միապետին, ցույց տալով, որ Օրանացին միշտ հարգել է թագավորին, բայց Աստծուն և իր ժողովրդի ազատությունն ավելի բարձր է դասել։
Ահա հատված օրհներգից (վերագրվում է Ֆիլիպ վան Մարնիքսին).
«Որպես Օրանյան արքայազն՝
Ազատ եմ ու անվախ,
Իսպանիայի թագավորին
Միշտ եղել եմ հավատարիմ»։
Չավիի գլխավորությամբ Նիդերլանդները Ազգերի լիգայի առաջիկա հանդիպումներում կմրցի Գերմանիայի, Հունաստանի և Սերբիայի հավաքականների հետ: Կատալոնացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2030 թվականը։ Հատկանշական է, որ այդ տարի Աշխարհի առաջնությունը կայանալու է հենց Իսպանիայում, Պորտուգալիայում և Մարոկկոյում։




























































