Լա Լիգայի 7-րդ տուրում կայացած Մադրիդյան դերբիի կրքերը դեռ չեն հանդարտվում։ «Մետրոպոլիտանո» մարզադաշտում կայացած հանդիպման ամենաթեժ դրվագներից մեկը Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի և «Ատլետիկոյի» արգենտինացի պաշտպան Քրիստիան Ռոմերոյի բախումն էր։
Անգլիացու և արգենտինացու միջև լարվածությունը գալիս է դեռևս ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչից, որտեղ «Ալբիսելեստեն» 2:1 հաշվով հաղթանակ էր տարել։ Դերբիի առաջին խաղակեսում, երբ Ռոմերոն կոպիտ խախտում թույլ տվեց Բելինգհեմի նկատմամբ և փրկվեց հեռացումից՝ ստանալով միայն դեղին քարտ, անգլիացու նյարդերը տեղի տվեցին։
Իսպանական Movistar+-ի տեսախցիկները ֆիքսել են ֆուտբոլիստների միջև տեղի ունեցած դեմ առ դեմ խոսակցությունը.
Ջուդ Բելինգհեմ. «Դու վախկոտ ես։ Երբ խաղում ես Մեսսիի հետ, դու անընդհատ խոսում ես, շատ ես խոսում, իսկ այստեղ ձայնդ չի լսվում»։
Քրիստիան Ռոմերո. «Աշխարհի առաջնությունից հետո դեռ լաց ես լինում։ Ձայնդ կտրի՛ր»։
Բելինգհեմն իր խոսքով ակնարկում էր, որ Արգենտինայի հավաքականում Մեսսիի ներկայության պայմաններում Ռոմերոն իրեն ավելի ինքնավստահ է զգում և այլ կերպար ունի, քան ակումբային մակարդակում։
Խաղից հետո կրքերը տեղափոխվեցին մամուլի ասուլիսների դահլիճ և սոցցանցեր։ «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն, ինչպես նաև ակումբն իր պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությամբ, փորձեցին արդարացնել պարտությունը և նսեմացնել «Ատլետիկոյի» հաղթանակը՝ մեղադրելով մրցավարներին։
Դրան ի պատասխան՝ Դիեգո Սիմեոնեի թիմի պաշտպանության հիմնասյուն դարձած Ռոմերոն X-ի իր էջում գրառում է կատարել.
«Այս թիմի հպարտությունը, ջանքերն ու մեծ սիրտը… Մադրիդը կարմրասպիտակ է։ Aupa Atleti միշտ: Եվ թող ոչ ոք չփորձի շեղել ուշադրությունը, սա լիովին արժանի հաղթանակ էր»։
Նշենք, որ «Ատլետիկոյից» կրած պարտությունը լուրջ հարված էր Ժոզե Մոուրինյուի համար, ով «Ռեալ» վերադառնալուց հետո կանգնած է իր առաջին լուրջ ճգնաժամի շեմին։ Առջևում մադրիդցիներին սպասվում է գերբարդ և խիտ խաղացանկ՝ հանդիպումներ «Վիլյառեալի», Չեմպիոնների լիգայում՝ «Ռոմայի», ապա «Սևիլիայի», «Լայպցիգի» և վերջապես՝ «Բարսելոնայի» հետ։
🚨🗣️| Jude Bellingham to Cuti Romero: “When you’re with Messi, YOU TALK A LOT.
But here, NOTHING.” 😳 pic.twitter.com/4UQGjy8gMm
— Kalshi FC (@KalshiFC) September 21, 2026
























































