Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռահիմ Ստերլինգին սպառնում է մինչև երկու տարվա ազատազրկում, եթե դատարանը նրան մեղավոր ճանաչի մեքենան վտանգավոր վարելու համար։ Սպասվում է, որ սեպտեմբերի 15-ին ֆուտբոլիստը կկանգնի Բեյզինգստոկի դատարանի առաջ։
«Հաջորդ ամիս Ստերլինգը կներկայանա դատարան՝ ավտոմայրուղու վրա տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետ կապված գործով։ Նրան առաջադրվել են հետևյալ մեղադրանքները՝ վտանգավոր վարում, ապօրինի օգտագործման նպատակով ազոտի ենթօքսիդի պահպանում և փորձաքննության համար նմուշ տրամադրելուց հրաժարում։ Մեղադրանքները կապված են մայիսի 28-ին տեղի ունեցած վթարի հետ։ Պատահարին այլ տրանսպորտային միջոցներ չեն մասնակցել, տուժածներ չկան»,- Հեմփշիր կոմսության ոստիկանության ներկայացուցչի խոսքերն է մեջբերում The Sun պարբերականը։
31-ամյա Ստերլինգի վերջին ակումբը եղել է հոլանդական «Ֆեյենորդը», որի շարքերը նա լքել է նախորդ մրցաշրջանի ավարտին։ Իր պրոֆեսիոնալ կարիերան ֆուտբոլիստը սկսել է «Լիվերպուլում», որից հետո պաշտպանել է «Մանչեսթեր Սիթիի», «Չելսիի» և «Արսենալի» գույները։ Մանչեսթերյան ակումբի կազմում նա չորս անգամ հռչակվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոն (2018, 2019, 2021, 2022 թթ.)։
Անգլիայի ազգային հավաքականի կազմում Ստերլինգը դարձել է Եվրո-2020-ի արծաթե և Ազգերի լիգայի 2019 թվականի խաղարկության բրոնզե մեդալակիր։ Երկրի գլխավոր թիմի մարզաշապիկով նա ընդհանուր առմամբ անցկացրել է 82 հանդիպում՝ դառնալով 20 գոլի հեղինակ։




























































