Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի աչքի տակի փոքրիկ կապտուկն անմիջապես գրավել էր երկրպագուների ուշադրությունը «Շալկեի» հետ ստուգողական հանդիպման ժամանակ, որն ավարտվել էր մադրիդցիների վստահ հաղթանակով՝ 3-0 հաշվով։
Եզրափակիչ սուլիչից հետո պորտուգալացի մասնագետը լրագրողներին բացատրել է, որ կապտուկի պատճառը վերջին մարզումներից մեկի ժամանակ անսպասելիորեն դեմքին դիպած գնդակն է եղել։ Հարվածը բաժին է ընկել հենց այն հատվածին, որը ծածկված է եղել ակնոցով, և հենց շրջանակն է մեծացրել վնասվածքի հետևանքները։
«Մարզման ժամանակ գնդակը դիպավ դեմքիս։ Եթե ես ակնոցով չլինեի, հավանաբար, դա մեծ խնդիր չէր դառնա։ Կարող էր և ավելի վատ լինել»,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում լրագրող Արանչա Ռոդրիգեսն իր սոցիալական ցանցերում։
Խոսելով ընկերական հանդիպման ընթացքի մասին՝ «արքայական» ակումբի գլխավոր մարզիչը նշել է, որ սկսում է «Ռեալում» համախմբված կոլեկտիվ տեսնել։ Ըստ նրա՝ ֆուտբոլիստները ոգևորված են կատարվածով, և դա ավելի կարևոր է, քան ցանկացած հաշիվ։ Մարզիչն ընդգծել է, որ առջևում թիմին սպասվում է իսկական փորձություն պաշտոնական հանդիպումներում, որտեղ էլ ի հայտ կգա այն ամենը, ինչի վրա նրանք աշխատել են միջմրցաշրջանային հատվածում։


























































