Օգոստոսի 16-ին Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկել է հունահռոմեական ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը։
Առաջին մրցումային օրը գորգ են դուրս եկել 63, 77, 87 և 130 կգ քաշային կարգի ըմբիշները: Հայաստանի հավաքականը հաջող մեկնարկ է գրանցել՝ նվաճելով կիսաեզրափակչի երկու ուղեգիր։
77 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Տերտերյանն անցկացրեց երեք վստահ գոտեմարտ՝ մրցակիցներին հաղթելով ընդհանուր 19:0 հաշվով: Որակավորման փուլում հայ ըմբիշը 8:0 հաշվով պարտության մատնեց եգիպտոսցի Մոհամեդ Իբրահիմին, 1/8 եզրափակչում 6:0 հաշվով առավելության հասավ ամերիկացի Լեյստեր Բոուլինգի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 5:0 հաշվով մաքուր հաղթանակ տարավ հունգարացի Զալան Տոպլակի նկատմամբ:
Եզրափակչի ուղեգրի համար Տերտերյանը կգոտեմարտի վրացի Գիորգի Գոգելաշվիլիի հետ։
Հիանալի մրցելույթներ է ունենում նաև 87 կգ քաշային Յուրիկ Պետրոսյանը: Նա պայքարը սկսեց 1/8 եզրափակչից՝ ժամանակից շուտ 8:0 հաշվով վստահ հաղթանակ տանելով ղրղզ Միրսայիդ Յունուսովի նկատմամբ: Քառորդ եզրափակչում Պետրոսյանը 5:1 հաշվով կոտրեց իրանցի Ամիրհոսեյն Նեմատզադեհի դիմադրությունը։ Կիսաեզրափակչում հայ ըմբիշի մրցակիցը կլինի ավստրիացի Պոլ Մայերը։
Ինչ վերաբերում է մեր մյուս մասնակիցներին, ապա 63 կգ քաշային Ալեքս Մարգարյանը մեկնարկային երկու գոտեմարտերում հաղթելուց հետո (10:4 հաշվով՝ ռումինացի Իոնիտ Մերեուտային և 2:1 հաշվով՝ հունգարացի Լևենտե Ֆիգեին), քառորդ եզրափակչում ցավալի պարտություն կրեց իրանցի Ալի Ղարիբիից՝ զիջելով 4:12 հաշվով:
Գերծանր քաշային Սեյրան Կիրակոսյանը (130 կգ) 1/8 եզրափակչում 0:9 հաշվով պարտվեց Ալի Իլյասովին և ավարտեց ելույթները մրցաշարում:



























































