«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը խոստովանել է, որ եթե իր ֆուտբոլային կարիերան ընթանար մեր օրերում, ապա նա կընտրեր «Մանչեսթեր Սիթին»։
«Եթե ես հիմա ֆուտբոլ խաղայի և հանդես գայի որևէ այլ թիմում, ու եթե «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին» ցանկություն հայտնեին ինձ ձեռք բերել, ապա ես կընտրեի «Սիթին»՝ անկախ ակումբային նախասիրություններից։ Պատճառն այն է, թե ինչպես է կառավարվում այդ ակումբը վերջին 5-10 տարիների ընթացքում և ինչպիսի ֆուտբոլիստներ են այնտեղ խաղում։ Թեև այս մասին խոսելը ցավալի է, բայց եթե խոսքը վերաբերում է կարիերային, և եթե դու ցանկանում ես այն ավարտել մեդալներով…»,- Սքոուլզի խոսքերն է մեջբերում The Good, The Bad & The Football փոդքասթը։
Հիշեցնենք, որ Փոլ Սքոուլզը պրոֆեսիոնալ մակարդակում պաշտպանել է «Մանչեսթեր Յունայթեդի» գույները 1993-ից 2011 և 2012-ից 2013 թվականներին։ Մանկունիական ակումբի կազմում անվանի ֆուտբոլիստը 11 անգամ հռչակվել է Անգլիայի չեմպիոն, երկու անգամ հաղթել Չեմպիոնների լիգայում, ինչպես նաև նվաճել մի շարք այլ հեղինակավոր տիտղոսներ։
























































