2026/2027 մրցաշրջանին ընդառաջ կայացած ստուգողական հանդիպումներում անգլիական Պրեմիեր լիգայի գրանդներ «Մանչեսթեր Յունայթեդն» ու գործող չեմպիոն Լոնդոնի «Արսենալը» չեն կարողացել հաղթանակներ տոնել՝ ավարտելով իրենց հանդիպումները միևնույն՝ 1։1 հաշվով։
Դուբլինի «Քրոուք Պարկ» մարզադաշտում «Մանչեսթեր Յունայթեդն» ուժերն է չափել «Լիդսի» հետ։ Հանդիպման հաշիվը 16-րդ րոպեին բացել է մանչեսթերյան ակումբի հարձակվող Ջոշուա Զիրկզեն, սակայն 29-րդ րոպեին «Լիդսի» կիսապաշտպան Բրենդեն Աարոնսոնը վերականգնել է հավասարությունը՝ սահմանելով խաղի վերջնահաշիվը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին կայացած նախորդ ընկերական խաղերում «Մանչեսթեր Յունայթեդը» նույն՝ 1:1 հաշվով էր ավարտել ՊՍԺ-ի հետ հանդիպումը, իսկ «Լիդսը» 2։0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել «Լայպցիգի» նկատմամբ։ Նախորդ՝ 2025/2026 մրցաշրջանում մանկունիանցիները Պրեմիեր լիգայում զբաղեցրել էին 3-րդ տեղը (71 միավոր), իսկ «Լիդսը» 47 միավորով հանգրվանել էր 14-րդ հորիզոնականում։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Զուգահեռաբար, Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում Անգլիայի չեմպիոն «Արսենալը» հյուրընկալել էր իտալական «Կոմոյին»։ Այստեղ ևս հաղթող չի որոշվել. հանդիպումն ավարտվել է 1։1 հաշվով։ 33-րդ րոպեին լոնդոնցիներին առաջ է մղել պաշտպան Մայլզ Լյուիս-Սքելին, սակայն ընդմիջումից առաջ՝ 43-րդ րոպեին, Մարտին Բատուրինան խփել է իտալական ակումբի պատասխան գնդակը։
Նշենք, որ «Արսենալը» 2025/2026 մրցաշրջանում նվաճել էր Անգլիայի չեմպիոնի տիտղոսը (85 միավոր) և հասել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ դրամատիկ պայքարում հետխաղյա 11-մետրանոցներով զիջել էր ՊՍԺ-ին։ «Կոմոն», իր հերթին, փայլուն մրցաշրջան էր անցկացրել Իտալիայում՝ Ա Սերիայում զբաղեցնելով բարձր՝ 4-րդ հորիզոնականը (71 միավոր)։ Իտալիայի չեմպիոն էր հռչակվել Միլանի «Ինտերը»։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ



























































