Օգոստոսի 8-ին Պորտուգալիայի Մադեյրա կղզու Ֆունշալ քաղաքի Մայր տաճարում իսկական իրարանցում է սկսվել: Հարյուրավոր երկրպագուներ և լրագրողներ հավաքվել էին տաճարի մոտ՝ հավատալով մամուլում շրջանառվող այն լուրերին, թե հենց այդտեղ է կայանալու Կրիշտիանու Ռոնալդուի և նրա երկարամյա ընկերուհու՝ Ջորջինա Ռոդրիգեսի պսակադրությունը:
Չնայած այն հանգամանքին, որ Ռոնալդուի ընտանիքը հրապարակայնորեն հերքել էր հանգստյան օրերին սպասվող հարսանիքի մասին տեղեկությունները, զանգվածային լրատվամիջոցների տարածած ասեկոսեներն իրենց գործն արել էին։ Ամբոխը անհամբեր սպասում էր աստղային զույգին, սակայն շուտով բոլորին մեծ հիասթափություն էր սպասվում:

Երբ հարսնացուն՝ ավանդույթի համաձայն մի փոքր ուշացումով, ժամանել է եկեղեցի, ներկաները հասկացել են, որ նա Ջորջինան չէ: Պարզվել է՝ այդ օրը պսակադրվում էին տեղացի հասարակ երիտասարդներ՝ Նիկոլն ու Ֆաբիոն, ովքեր բացարձակապես չէին սպասում նման ուշադրության և այն բանին, որ իրենց կյանքի կարևորագույն օրը կհայտնվի համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:
«Շնորհավորում ենք Նիկոլին և Ֆաբիոյին։ Փողոցում լրագրողների և զբոսաշրջիկների առաջացրած մեծ խառնաշփոթից հետո, ի վերջո, մեզ հաջողվեց փակել եկեղեցու դռներն ու անցկացնել արարողությունը»,- ավելի ուշ նշվել է տաճարի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
Տաճարի ներկայացուցիչները նաև հավելել են, որ երբևէ նման բան չէին տեսել, և հարսնացուի համար նույնիսկ դժվար էր մուտք գործել եկեղեցի:
Հարսանիքի հյուրերից ոմանք հումորով են մոտեցել ստեղծված իրավիճակին:
«Մենք մեզ աստղերի պես ենք զգում: Ինձ զարմացնում է, որ այս մարդիկ կարծում են, թե Ռոնալդուն կարող էր ամուսնանալ առանց անվտանգության աշխատակիցների ներկայության»,- տեղական պարբերականներից մեկի հետ զրույցում կատակել է հյուրերից մեկը:
Ստեղծված զավեշտալի իրավիճակին արձագանքել է նաև ինքը՝ Ռոնալդուն: Մադեյրայի տեղական «JM Madeira» պարբերականի ինստագրամյան հրապարակման մեկնաբանություններում «Ալ Նասրի» աստղային հարձակվողը ծիծաղող հինգ սմայլիկ է ուղարկել:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն և Ջորջինան նշանադրվել են նախորդ տարվա օգոստոսին: Կրիշտիանուն սիրելիին մոտ 5 միլիոն դոլար արժողությամբ և 30 կարատանոց ադամանդով մատանի է նվիրել, սակայն նրանց իրական հարսանիքի ժամկետները դեռևս գաղտնի են պահվում:




























































