Լոնդոնի «Արսենալը» ակտիվորեն նոր տարբերակներ է փնտրում հարձակման գիծն ուժեղացնելու համար և հետաքրքրություն է ցուցաբերում Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Քենան Յիլդիզի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Goal.com-ը՝ հղում անելով La Stampa-ին։
Ըստ աղբյուրի՝ թուրք ֆուտբոլիստը հայտնվել է լոնդոնյան ակումբի առաջնահերթ տրանսֆերային նպատակների ցուցակում այն բանից հետո, երբ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի տեղափոխության տարբերակը վերջնականապես դուրս մնաց օրակարգից։ Բրազիլացին երկարաձգել է պայմանագիրն արքայական ակումբի հետ, ինչն էլ ստիպել է «զինագործներին» հարձակման գծում մեկ այլ բարձրակարգ խաղացող փնտրել։
Գլխավոր թեկնածուներից մեկը դարձել է 21-ամյա Յիլդիզը, որը վերջին մրցաշրջաններում զգալի առաջընթաց է գրանցել և վերածվել «Յուվենտուսի» առանցքային ֆուտբոլիստներից մեկի։
Այնուամենայնիվ, թուրինյան ակումբը մտադիր չէ հեշտությամբ բաժանվել իր տաղանդավոր խաղացողից։ Նշվում է, որ որպեսզի «Յուվենտուսն» առնվազն սկսի առարկայական բանակցությունները, «Արսենալը» պետք է առաջարկի գումար, որը զգալիորեն կգերազանցի 100 միլիոն եվրոն։

























































