Մադրիդի «Ռեալը» հնարավոր է հրաժեշտ տա թիմի հենակետային կիսապաշտպան Օրելիեն Չուամենիին, եթե ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբին հաջողվի իրականացնել «Մանչեսթեր Սիթի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսի տրանսֆերը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։ Այնուամենայնիվ, գործարքի կայացմանը որպես լուրջ խոչընդոտ կարող են հանդիսանալ Չուամենիի բարձր աշխատավարձը, ինչպես նաև նրա հնարավոր տրանսֆերային արժեքը:
Իսպանիայի Լա լիգայի ավարտված մրցաշրջանում Չուամենին մադրիդցիների կազմում մասնակցել է 33 հանդիպման։
Հիշեցնենք, որ 26-ամյա հենակետայինն «արքայական» ակումբում հանդես է գալիս 2022 թվականի ամռանից: Նրա գործող համաձայնագրի ժամկետը «սերուցքայինների» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի վերջ։ Ըստ գնահատականների՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է շուրջ 70 միլիոն եվրո։
























































