Լոնդոնի «Տոտենհեմի» պաշտպան Պեդրո Պոռոն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում չի հեռանա ակումբից։ Այս մասին հաղորդում է Mundo Deportivo պարբերականը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Պոռոն հրահանգել է իր գործակալին որևէ բանակցություն չվարել այլ թիմերի հետ։ Նշվում է, որ իսպանացի ֆուտբոլիստը վերջերս է երկարաձգել պայմանագիրը «խթանների» հետ և մտադիր է մնալ Լոնդոնում՝ չնայած «Բարսելոնայի» կողմից առկա հետաքրքրությանը։
Ավարտված ակումբային մրցաշրջանում 26-ամյա պաշտպանը բոլոր մրցաշարերի կտրվածքով մասնակցել է 47 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Պոռոյի գործող պայմանագրի ժամկետը «Տոտենհեմի» հետ նախատեսված է մինչև 2031 թվականը։ Transfermarkt հեղինակավոր պորտալը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։




























































