Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Դանի Օլմոն արձագանքել է ԱԱ-2026-ի եզրափակչից հետո Արգենտինայի ազգային ընտրանու ֆուտբոլիստների պահվածքին։ Մրցանակաբաշխության ժամանակ արգենտինացիները մեջքով շրջվել էին դեպի իսպանացիները, չնայած այն հանգամանքին, որ վերջիններս նրանց համար «պատվո միջանցք» էին կազմել։
Mundo Deportivo-ի լրագրողի հարցին Օլմոն պատասխանել է բավականին զուսպ, սակայն իմաստալից․
«Դե… վերջնարդյունքում դա մեզ չի հետաքրքրում: Կարծում եմ՝ շատ կարևոր է մտածել այն արժեքների մասին, որոնք ցանկանում ես փոխանցել շրջապատին: Մենք օրինակ ենք բազմաթիվ սերունդների ու երեխաների համար, և կարծում եմ՝ նրանք ևս պետք է դրական օրինակ ծառայեն ամեն ինչում և դեպի լավը»։
Օլմոյի այս հավասարակշռված պատասխանն արտացոլում է ողջ մրցաշարի ընթացքում Իսպանիայի հավաքականի ցուցաբերած սառնասրտությունը։ Կիսապաշտպանն ընդգծել է, որ ցանկանում է՝ Իսպանիան լինի մրցակցի նկատմամբ հարգալից վերաբերմունքի լավագույն օրինակ:
Հատկանշական է նաև վիճակագրությունը. եզրափակիչ խաղում Իսպանիան կանոնները խախտել է 21, իսկ Արգենտինան՝ 24 անգամ: Սակայն իսպանացիները ոչ մի դեղին քարտ չեն ստացել, մինչդեռ արգենտինացիները պատժվել են 5 զգուշացումով:
Ինքը՝ Օլմոն, որն ԱԱ-2026-ում մասնակցեց 8 հանդիպման և դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ, ողջ մրցաշարն ավարտեց առանց որևէ դեղին քարտի: Եզրափակիչում նա ընդամենը մեկ անգամ է խախտել կանոնները և երկու անգամ ստիպել է մրցակիցներին խախտել կանոններն իր նկատմամբ՝ աչքի ընկնելով չափազանց մաքուր խաղով:
























































