Ֆրանսիայի ազգային հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Մայքլ Օլիսեն մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում միանալ Մադրիդի «Ռեալին»: Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնում է հայտնի մարզական լրագրող Սանտի Աունան:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը վստահ է, որ հենց «արքայական» ակումբն է իդեալական տարբերակն իր կարիերայի հետագա զարգացման և նոր բարձունքների հասնելու համար։ «Սերուցքայիններն» իրենց հերթին հույս ունեն իրականացնել ռեկորդային տրանսֆեր։
Չնայած խաղացողի ցանկությանը, «Բավարիայի» դիրքորոշումը մնում է կոշտ և անփոփոխ՝ մյունխենյան գրանդը չի ցանկանում վաճառել իր առաջատարին։
Գերմանական ակումբը նույնիսկ նպատակ ունի երկարաձգել Օլիսեի պայմանագիրը, սակայն, ապահովագրելով իրեն, արդեն կապ է հաստատել այն ֆուտբոլիստների հետ, որոնք պոտենցիալ կարող են փոխարինել ֆրանսիացուն:
Նշվում է, որ Օլիսեն պլանավորում է իր ապագայի հարցը քննարկել ակումբի ղեկավարության հետ Աշխարհի առաջնության ավարտից հետո։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 52 հանդիպում՝ դառնալով 22 գոլի և 31 գոլային փոխանցման հեղինակ։ Օլիսեի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականը: Transfermarkt հեղինակավոր պորտալը ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 150 մլն եվրո։




























































