Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն ԱԱ-2026-ի քառորդ եզրափակիչում Մարոկկոյի ընտրանու նկատմամբ տարած հաղթանակից հետո խոսել է իր առողջական վիճակի և խաղավերջում փոխարինվելու պատճառների մասին։
Բոսթոնում կայացած հանդիպումն ավարտվել է Ֆրանսիայի հավաքականի հաղթանակով՝ 2:0։ Մբապեի համար հանդիպումը բավականին հագեցած ու իրադարձային էր. առաջին խաղակեսում նա չկարողացավ անվրեպ իրացնել 11-մետրանոց հարվածը, սակայն երկրորդ կեսում դարձավ և՛ գոլի, և՛ արդյունավետ փոխանցման հեղինակ։ 77-րդ րոպեին թիմի առաջատարը փոխարինվեց։
Խաղից հետո Մբապեն պարզաբանել է, որ փոխարինումը պայմանավորված էր կոճի շրջանում ստացած հարվածով.
«Չգիտեմ՝ արդյոք սա կարելի է առաքելություն անվանել, բայց լիցքաթափվելու միայն մեկ ճանապարհ կա՝ հաղթել Աշխարհի առաջնությունում։ Առայժմ մենք դուրս ենք եկել միայն կիսաեզրափակիչ։ Շատ գոհ ենք, բայց առջևում երկար ճանապարհ կա։ Պատրաստ ենք մրցել ցանկացած մրցակցի հետ և վաղը կդիտենք Իսպանիա – Բելգիա հանդիպումը։ Ինչ վերաբերում է փոխարինմանը՝ ես հարված էի ստացել կոճիս, բայց ամեն ինչ լավ է։ Այդ պահին Մատետան ֆիզիկապես ավելի լավ էր պատրաստ, այդ իսկ պատճառով լքեցի խաղադաշտը», — ասել է Մբապեն։
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը հաստատել է, որ հարձակվողը թեթև վնասվածք ունի:
«Կիլիանը սրունքթաթային հոդի թեթև վնասվածք ստացավ, նա որոշակի ցավ էր զգում: Բացի այդ, ծնկի սալջարդ ունի Մանու Կոնեն, ինչը զարմանալի չէ, քանի որ հանդիպումները շատ ինտենսիվ և արագ տեմպով են ընթանում», — Դեշամի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Ֆրանսիական հեղինակավոր պարբերականի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի հավաքականի երկրպագուները անհանգստանալու առիթ չունեն: Աղբյուրը նշում է, որ «կասկած չկա՝ Մբապեն կկարողանա խաղալ կիսաեզրափակիչում»։ Չնայած դրան, ազգային թիմի բժշկական շտաբը կշարունակի ուշադիր հետևել ֆուտբոլիստի ապաքինման ընթացքին՝ նրա լիարժեք պատրաստվածությունն ապահովելու համար։
Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչում Ֆրանսիայի հավաքականն ուժերը կչափի Իսպանիա — Բելգիա զույգի հաղթողի հետ։
























































