«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը Իսպանիայի Լա Լիգայի 3-րդ տուրի՝ «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում դարձավ գոլի հեղինակ՝ սահմանելով միանգամից մի քանի պատմական ռեկորդ:
19-ամյա ֆուտբոլիստը աչքի ընկավ «Սփոթիֆայ Կամպ Նոու» մարզադաշտում կայացած հանդիպման 21-րդ րոպեին՝ առաջ մղելով կատալոնական ակումբին (2:1): Այս գոլը Յամալի համար 50-րդն էր կապտանռնագույնների մարզաշապիկով:
Ինչպես նշում է վիճակագիր Պեդրո Մարտինը, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնը հասավ այս նշագծին 19 տարեկան 49 օրականում՝ դառնալով «Բարսելոնայի» պատմության մեջ 50 գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Նա գերազանցեց Խոսեպ Էսկոլայի (20 տարեկան 356 օրական) և լեգենդար Լիոնել Մեսսիի (21 տարեկան 120 օրական) ցուցանիշները:
Ավելին, կատալոնական ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Յամալը դարձավ նաև Եվրոպայի թոփ-5 լիգաների պատմության մեջ 50 գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ խաղացողը: Այս անհավանական ցուցանիշով իսպանացի տաղանդը շրջանցեց Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեին և «Մանչեսթեր Սիթիի» ռմբարկու Էրլինգ Հալանդին:
Հատկանշական է, որ Յամալը նախքան այս վերջին անգամ աչքի էր ընկել Իսպանիայի հավաքականի կազմում՝ ԱԱ-2026-ի երկրորդ տուրի՝ Սաուդյան Արաբիայի դեմ խաղում (4:0): Դրանից հետո նա ակումբի և ազգային ընտրանու կազմում անցկացրել էր 8 պաշտոնական հանդիպում առանց խփած գնդակների:
























































