Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Գավին անդրադարձել է ԱԱ-2026-ի խմբային փուլի մեկնարկային տուրում Կաբո Վերդեի ընտրանու հետ գոլազուրկ ոչ-ոքիից հետո իրենց հասցեին հնչող քննադատություններին։ Երիտասարդ ֆուտբոլիստը դժգոհություն է հայտնել երկրպագուների և մամուլի արձագանքից՝ զուգահեռներ տանելով Պորտուգալիայի հավաքականի գրանցած արդյունքի հետ։
Ըստ Գավիի՝ հանրությունը երկակի ստանդարտներ է կիրառում, քանի որ Պորտուգալիայի հավաքականը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հետ խաղում (1:1) նույնպես միավորներ է կորցրել, սակայն նման կոշտ արձագանքի չի արժանացել։
«Նախորդ խաղում մենք վատ հանդես եկանք՝ որպես մեկ միասնական թիմ։ Ինձ, բնականաբար, ավելի շատ էին քննադատում, բայց ես դա ընդունում եմ ու պատրաստ էի դրան։ Ցավոք, շատերը ֆուտբոլից ընդհանրապես գլուխ չեն հանում։ Նրանք կենտրոնանում են անհեթեթությունների վրա՝ կարևորելով միայն գոլերն ու արդյունավետ փոխանցումները։ Ինձ համար ֆուտբոլն անհամեմատ ավելին է, թեև յուրաքանչյուրն ազատ է խաղն ընկալել յուրովի»,- նշել է իսպանացի կիսապաշտպանը։
Խոսելով բուն հանդիպման բարդության մասին՝ Գավին հավելել է.
«Եթե հաղթեինք, աղմուկն այսքան մեծ չէր լինի։ Մրցակիցը պաշտպանվում էր հինգ հոգով, ինչը խիստ բարդացնում էր մեր գործը, իսկ մենք վատ էինք գործում փոխանցումների ժամանակ։ Բայց եկեք անկեղծ լինենք․ Պորտուգալիան էլ ոչ-ոքի խաղաց Կոնգոյի ԴՀ-ի հետ, սակայն չստացավ մեր հասցեին հնչած քննադատության կեսն անգամ»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում պորտուգալական պարբերականը։
Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականն ընդգրկված է H խմբում։ «Ֆուրիա Ռոխայի» հաջորդ հանդիպումը կկայանա այսօր՝ հունիսի 21-ին՝ Սաուդյան Արաբիայի ընտրանու դեմ։
























































