Բրազիլիայի հավաքականի վինգեր Ռաֆինյան չի կարողանա օգնել իր թիմին Շոտլանդիայի դեմ կայանալիք խաղում: ԱԱ-2026-ի խմբային փուլի C խմբի երրորդ տուրի հանդիպումը կկայանա հունիսի 25-ին։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնում է հայտնի ինսայդեր և լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Բրազիլիայի հավաքականի բուժանձնակազմի կողմից իրականացված հետազոտության արդյունքում ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է աջ ազդրի մկանային վնասվածք։ Ըստ աղբյուրի՝ Ռաֆինյան ինտենսիվ բուժման կուրս կանցնի՝ շարունակելով մնալ ազգային թիմի ճամբարում։
Բրազիլացին կանի ամեն ինչ, որպեսզի հասցնի ապաքինվել Մունդիալի հաջորդ փուլերին ընդառաջ:
Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի խմբային փուլի 2-րդ տուրի՝ Հայիթիի դեմ խաղի (3:0) 40-րդ րոպեին Ռաֆինյան վնասվածքի պատճառով փոխարինվել էր։ Դաշտը լքելուց առաջ բրազիլացին նստել էր խոտածածկին, ինչից հետո բժիշկները մտել էին խաղադաշտ՝ նրան առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով։
Ֆուտբոլի Աշխարհի 2026 թվականի առաջնությունն անցկացվում է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում՝ հունիսի 11-ից հուլիսի 19-ը։ Աշխարհի գործող չեմպիոնն Արգենտինայի հավաքականն է, որը 2022 թվականի ԱԱ-ի խելահեղ եզրափակիչում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել էր Ֆրանսիային (հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 3:3 հաշվով, իսկ պենալտիներիաշարում արգենտինացիներն ուժեղ էին 4:2 հաշվով)։



























































