«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էռլինգ Հալանդը շարունակում է մնալ Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային հետաքրքրությունների կենտրոնում։ Այս մասին հաղորդում է իսպանական El Debate պարբերականը։
Աղբյուրի տեղեկություններով՝ թեև մադրիդյան ակումբի նախագահի թեկնածու Էնրիկե Ռիկելմեն հայտարարել էր նորվեգացուն ձեռք բերելու մտադրության մասին, ֆուտբոլիստի գործակալները նրա հետ որևէ բանակցություն չեն վարել։ Հալանդի ներկայացուցիչները համոզված են, որ խաղացողի՝ «արքայական» ակումբ տեղափոխվելու միակ իրատեսական ճանապարհը ակումբի գործող նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ ուղիղ բանակցություններ վարելն է։
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Էռլինգ Հալանդը «քաղաքայինների» կազմում անցկացրել է 52 հանդիպում՝ աչքի ընկնելով 38 խփված գնդակով և 9 գոլային փոխանցմամբ։ Աստղային հարձակվողի գործող պայմանագրի ժամկետը անգլիական գրանդի հետ նախատեսված է մինչև 2034 թվականի ամառ։





















































