Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է վնասվածքից ապաքինվելու ժամանակահատվածում Իտալիա կատարած իր ուղևորությունը։
Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ֆրանսիացին ժամանակն անցկացրել է Իտալիայում՝ ընկերուհու հետ: Ընդգծվում էր նաև, որ «արքայական ակումբի» ոչ բոլոր ֆուտբոլիստներն են դրական ընդունել հարձակվողի նման պահվածքը՝ հաշվի առնելով նրա վնասվածքը:
«Օվյեդոյի» դեմ խաղից հետո անդրադառնալով այս խոսակցություններին՝ Մբապեն հանդես է եկել հստակ պարզաբանմամբ.
«Ես ունեի ակումբի թույլտվությունը, և ես միակ ֆուտբոլիստը չէի, ով հեռացել էր Իսպանիայից»,- ասել է աստղային հարձակվողը։
Հիշեցնենք, որ 27-ամյա ֆուտբոլիստն ապրիլից ապաքինվում էր մկանային վնասվածքից։ Ընթացիկ մրցաշրջանում Կիլիան Մբապեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 42 հանդիպման՝ իր ակտիվում գրանցելով տպավորիչ արդյունք՝ 41 գոլ և 7 գոլային փոխանցում։
























































