Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում ընթացող ծանրամարտի երիտասարդական աշխարհի առաջնության մրցումային վեցերորդ օրը պայքարի մեջ մտան տղամարդկանց 94 կգ քաշային ծանրորդները: Հայաստանի երիտասարդական հավաքականի ներկայացուցիչ Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում կարողացավ մեդալ նվաճել, սակայն անհաջողության մատնվեց երկրորդ մրցաձևում:
Հայ ծանրորդը պոկում վարժությունում հաջողությամբ բարձրացրեց նախ 160 կգ, ապա 164 կգ կշռող ծանրաձողերը: Այս ցուցանիշով նա զբաղեցրեց երրորդ հորիզոնականն ու վարժությունում արժանացավ փոքր բրոնզե մեդալի: Ցավոք, հրում վարժությունում Մովսիսյանը որևէ հաջող մոտեցում չունեցավ՝ 0 ստանալով և արդյունքում մնալով առանց երկամարտի ցուցանիշի:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ մրցահարթակ էր դուրս եկել նաև Հայաստանի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը (86 կգ), որը երկամարտի 253 կգ (109+144) արդյունքով դարձել էր աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:




























































