Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի ընկերուհին՝ Էստեր Էքսպոսիտոն, ստիպված է եղել փակել Ինստագրամի իր էջի մեկնաբանությունները ֆուտբոլիստի հասցեին հնչող սուր քննադատությունների պատճառով։
«Արքայական ակումբի» հարձակվողի և «Էլիտա» հեռուստասերիալով հայտնի դարձած իսպանացի դերասանուհի և մոդել Էքսպոսիտոյի սիրավեպի մասին հայտնի դարձավ մարտին։ Նախորդ հանգստյան օրերին մադրիդյան ակումբի երկրպագուները խիստ քննադատության էին ենթարկել Մբապեին՝ մրցաշրջանի եզրափակիչ և կարևորագույն հատվածում ընկերուհու հետ Իտալիայում արձակուրդն անցկացնելու համար։
Դերասանուհու վերջին հրապարակումներից մեկը սոցիալական ցանցերում բուռն արձագանք է ստացել՝ հավաքելով ավելի քան 5000 մեկնաբանություն, որոնցում գերակշռել է քննադատությունը։ Չնայած այն հանգամանքին, որ ֆուտբոլիստը տվյալ հրապարակման մեջ չի երևում, օգտատերերը թիրախավորել են հենց նրան, նրա հարաբերություններն ու վարքագիծը հանդերձարանում։
Ըստ Marca-ի՝ հենց այս ճնշումն է ստիպել Էքսպոսիտոյին փակել մեկնաբանությունները՝ սկանդալի հետագա ծավալումը կանխելու նպատակով։ Աղջիկը փակել է մեկնաբանելու հնարավորությունը նաև հաջորդող երկու հրապարակումներում։
Նշվում է նաև, որ «սերուցքայինների» որոշ երկրպագուներ փորձել են հորդորել մյուսներին չմեղադրել դերասանուհուն ֆուտբոլիստի գործողությունների համար, սակայն դա էական արդյունք չի տվել և չի մեղմել ընդհանուր դժգոհության ալիքը։


























































