Մադրիդի «Ռեալի» երկրպագուները ստորագրահավաք են սկսել՝ ակումբի ղեկավարությունից պահանջելով հրաժեշտ տալ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին։ Նախաձեռնությունն աննախադեպ արձագանք է ստացել։
Թեև խնդրագրի հեղինակներն ի սկզբանե նախատեսում էին հավաքել 200 հազար ձայն, սակայն հրապարակումից հետո՝ մեկ օրից էլ պակաս ժամանակահատվածում, ստորագրությունների քանակը հատել է 10 միլիոնի սահմանագիծը։ Այս ցուցանիշն աճում է անհավանական արագությամբ. րոպեում խնդրագիրը ստորագրում է միջինը 10-ից 20 հազար մարդ։
Երկրպագուների զանգվածային դժգոհության ֆոնին լրատվամիջոցները գրում են թիմի ներսում տիրող լարված մթնոլորտի մասին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր լրագրող Ֆրանսուա Գալյարդոն, Մբապեի և Վինիսիուսի միջև լուրջ կոնֆլիկտ է հասունացել։ Բացի այդ, նշվում է, որ ամռանը ֆուտբոլիստի մայրն ու գործակալը՝ Ֆայզա Լամարին, կարող է վերջնագիր ներկայացնել «արքայական» ակումբի ղեկավարությանը։
Չնայած խաղադաշտից դուրս եղած խնդիրներին և երկրպագուների դժգոհությանը՝ ֆրանսիացի հարձակվողն աչքի է ընկնում բարձր արդյունավետությամբ։ Ընթացիկ մրցաշրջանում նա ընդհանուր առմամբ անցկացրել է 41 հանդիպում և դարձել 41 գոլի հեղինակ։
Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեն «Ռեալի» շարքերը համալրել է 2024 թվականի ամռանը։ Ֆուտբոլիստի և մադրիդյան ակումբի միջև գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2029 թվականի հունիսին։ Աստղային հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 200 միլիոն եվրո։
























































