Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն դժգոհ է իր մի քանի թիմակիցների պահվածքից։ Այս մասին սոցցանցերում հայտնել է լրագրող Ֆրանսուա Գալյարդոն։
Ըստ աղբյուրի՝ առաջին հերթին սրվել է Մբապեի և Վինիսիուս Ժունիորի միջև կոնֆլիկտը, որի մասին իսպանական մամուլը գրել էր դեռևս նոյեմբերին։ Նշվում է, որ ֆրանսիացի հարձակվողը չի զգում նաև մյուս թիմակիցների աջակցությունը։
Սպասվում է, որ ամռանը Մբապեի մայրը՝ Ֆայզա Լամարին, ով նաև նրա գործակալն է, կարող է վերջնագիր ներկայացնել «արքայական ակումբի» ղեկավարությանը. կա՛մ Վինիսիուսը կլքի թիմը, կա՛մ իր որդին։
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա Մբապեն «Ռեալի» կազմում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով նույնքան գոլի հեղինակ։ Նա մադրիդյան թիմի լավագույն ռմբարկուն է ինչպես Լա Լիգայում, այնպես էլ Չեմպիոնների լիգայում։

























































