Ավարտվեց անգլիական Չեմպիոնշիփի 2025/2026 մրցաշրջանի կանոնավոր առաջնությունը։ Արդյունքներով՝ «Քովենթրի Սիթին» և «Իպսվիչ Թաունը» նվաճեցին Անգլիայի Պրեմիեր լիգայի ուղիղ ուղեգրեր:
Մրցաշարի հաղթող ճանաչվեց «Քովենթրի Սիթին»՝ իր ակտիվում գրանցելով 95 միավոր։ «Իպսվիչ Թաունը» 46 տուրից հետո վաստակեց 84 միավոր և գրավեց երկրորդ տեղը՝ ընդամենը 1 միավորով գերազանցելով ամենամոտ հետապնդողին՝ «Միլուոլին» (83): Այսպիսով, «կապույտները» ընդամենը մեկ մրցաշրջան անց վերադարձան անգլիական ֆուտբոլի բարձրագույն դիվիզիոն։ Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի 2024/25 մրցաշրջանի արդյունքներով «Իպսվիչը» վաստակել էր 22 միավոր և զբաղեցնելով նախավերջին՝ 19-րդ տեղը՝ լքել էր էլիտան։
Բարձրագույն դիվիզիոնի վերջին՝ երրորդ ուղեգրի համար անցումային փլեյ-օֆֆում կպայքարեն «Միլուոլը», «Սաութհեմփթոնը», «Միդլսբրոն» և «Հալլ Սիթին»։
Այս մինի-մրցաշարի կիսաեզրափակիչ զույգերն ունեն հետևյալ տեսքը.
- «Հալլ Սիթի» — «Միլուոլ»
- «Միդլսբրո» — «Սաութհեմփթոն»
Առաջին հանդիպումները կկայանան մայիսի 8-ին և 9-ին, իսկ պատասխան խաղերը՝ մայիսի 11-ին և 12-ին։ Փլեյ-օֆֆի եզրափակիչ, որտեղ կվճռվի ԱՊԼ-ի վերջին ուղեգրի ճակատագիրը, տեղի կունենա մայիսի 23-ին։
Հավելենք նաև, որ Անգլիայի Պրեմիեր լիգան ժամկետից շուտ լքել են «Վուլվերհեմփթոնն» ու «Բարնլին», որոնք հաջորդ մրցաշրջանում հանդես կգան Չեմպիոնշիփում: Իսկ ահա անգլիական երկրորդ ամենաուժեղ դիվիզիոնից դուրս են մնացել և Լիգա 1 են նահանջել «Օքսֆորդ Յունայթեդը», «Շեֆիլդ Ուենսդեյն» ու «Լեսթեր Սիթին»։




























































