Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն վնասվածքի պատճառով չի մասնակցի «սերուցքայինների» մնացած հանդիպումներին 2025/2026 մրցաշրջանի մինչև ավարտը։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնում է հեղինակավոր El Chiringuito TV-ն:
Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիացի աստղի վնասվածքն ավելի լուրջ է, քան թվում էր ի սկզբանե: Նշվում է, որ Մադրիդի «Ռեալի» կողմից Կիլիանի վիճակի վերաբերյալ պաշտոնական հայտարարությունը և հաստատումը սպասվում է այսօր՝ ապրիլի 27-ին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեի մոտ ախտորոշվել է ձախ ոտքի ծնկատակի ջլի ծանրաբեռնվածություն: Ֆրանսիացին փոխարինվել էր Իսպանիայի Լա Լիգայի 32-րդ տուրի՝ «Բետիսի» դեմ կայացած խաղի (1:1) 81-րդ րոպեին:
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Իսպանիայի առաջնությունում Մբապեն անցկացրել է 28 հանդիպում, որոնցում դարձել է տպավորիչ 24 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ: Հատկանշական է, որ ֆրանսիացին ծնկի հետ կապված խնդիրների պատճառով ստիպված էր բաց թողնել «սերուցքայինների» ևս հինգ հանդիպում փետրվար և մարտ ամիսներին:
Ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի գնահատականների՝ 27-ամյա ֆուտբոլիստի մոտավոր տրանսֆերային արժեքը կազմում է 200 մլն եվրո:



























































