Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Մանչեսթեր Սիթիից» կրած ջախջախիչ պարտությունից (0-4) հետո «Լիվերպուլի» ղեկավարությունն արտահերթ խորհրդակցություն է անցկացրել՝ քննարկելու թիմի գլխավոր մարզիչ Առնե Սլոթի ապագան, հայտնում է Sky Sports-ը։
Ըստ աղբյուրի՝ «Լիվերպուլը» պետք է հաջորդ մրցաշրջանի համար նվաճի Չեմպիոնների լիգայի ուղեգիր, հակառակ դեպքում Առնե Սլոթը կհեռացվի զբաղեցրած պաշտոնից։ Շաբաթ՝ ապրիլի 4-ին, «Լիվերպուլը» կրեց իր 15-րդ պարտությունն ընթացիկ մրցաշրջանում։
Նիդերլանդցի մասնագետը «Լիվերպուլը» գլխավորել է 2024 թվականին և իր առաջին մրցաշրջանում թիմի հետ դարձել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի չեմպիոն։
Այս պահի դրությամբ «Լիվերպուլը» վաստակած 49 միավորով Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում է։ Չնայած ներքին ասպարեզում գրանցած անկայուն արդյունքներին՝ «կարմիրները» շարունակում են պայքարը Չեմպիոնների լիգայում, որտեղ քառորդ եզրափակիչում ուժերը կչափեն գործող գավաթակիր ՊՍԺ-ի հետ։


























































