«Սանտոսի» հարձակվող Նեյմարի անձնական խոհարարը դատական հայց է ներկայացրել բրազիլացի ֆուտբոլիստի դեմ՝ աշխատանքային պայմանագրի կետերը կոպտորեն խախտելու մեղադրանքով։ Այս մասին հայտնում է Metropoles պարբերականը։
Աղբյուրի տեղեկություններով՝ կինը ֆուտբոլիստի առանձնատանը միջինում աշխատել է օրական 14 ժամից ավելի։ Դրանով Նեյմարը խախտել է աշխատանքային համաձայնագիրը, ըստ որի՝ խոհարարը պետք է աշխատեր օրական առավելագույնը 10 ժամ։ Երբեմն նա ստիպված է եղել մնալ աշխատավայրում ժամը 23:00-ից կամ կեսգիշերից հետո՝ բրազիլացու կողմից հրավիրված 150 հյուրերի համար ուտեստներ պատրաստելու նպատակով։
Բացի այդ, նշվում է, որ կինն անձամբ է բեռնաթափել մթերքները, ինչի հետևանքով նրա մոտ առաջացել են ողնաշարի լուրջ խնդիրներ և կոնքազդրային հոդի բորբոքային գործընթացներ։
Այժմ հայցվորը պահանջում է վճարել մոտ 43 000 եվրո։ Այս գումարն իր մեջ ներառում է տուգանքները, արտաժամյա աշխատանքի և բաց թողնված ընդմիջումների դիմաց վճարը, բարոյական և առողջությանը հասցված վնասի, ինչպես նաև բժշկական ծախսերի ամբողջական փոխհատուցումը։




























































