Նիգերիայի հավաքականի և թուրքական «Գալաթասարայի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը մեկնաբանել է իտալական «Նապոլիից» իր հեռանալու պատճառները՝ սուր քննադատության ենթարկելով նեապոլիտանական ակումբի ղեկավարությանը։
26-ամյա ֆուտբոլիստը, ով «Նապոլիի» գույները պաշտպանել է 2020-ից 2024 թվականներին, նշել է, որ ակումբը խախտել է նախնական պայմանավորվածությունները։
«Մենք ունեինք ջենթլմենական պայմանավորվածություն, որ ես կարող եմ հեռանալ հաջորդ ամռանը, սակայն այդ խոստումը լիովին չկատարվեց։ Նրանք փորձում էին ինձ ուղարկել խաղալու ուր պատահի, ինձ հետ վարվում էին շան պես։
Արի այստեղ, գնա այնտեղ, արա սա, արա նա… Ես շատ եմ աշխատել հաջող կարիերա կառուցելու համար և չէի կարող հանդուրժել նման վերաբերմունքը։ Ես խամաճիկ չեմ», — La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում ասել է Օսիմհենը:
Հարձակվողը նաև անդրադարձել է թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ հարաբերություններին՝ հերքելով այն լուրերը, թե մասնագետը չէր ցանկանում իրեն տեսնել կազմում։
«Կոնտեն փորձե՞լ է հարթել կոնֆլիկտը։ Իհարկե։ Չնայած այն խոսակցություններին, թե իբր նա չի ցանկանում ինձ տեսնել թիմում… Լո՞ւրջ։ Ո՞ր մարզիչը չէր ցանկանա ինձ տեսնել այդ պահին։
Հենց որ ես ժամանեցի, Կոնտեն ինձ հրավիրեց իր մոտ և ասաց, որ տեղյակ է իրավիճակից, բայց, անկախ ամեն ինչից, ուզում է, որ ես մնամ։ Ես բացատրեցի, որ կցանկանայի աշխատել նրա հետ, բայց արդեն կատարել էի իմ ընտրությունը. չէի պատրաստվում շարունակել ելույթներն այնտեղ, որտեղ ես դժբախտ եմ», — եզրափակել է նիգերիացի ռմբարկուն։
Հիշեցնենք, որ «Նապոլիից» հեռանալուց հետո Օսիմհենը վարձավճարով տեղափոխվեց «Գալաթասարայ», որն էլ հետագայում ամբողջությամբ գնեց ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները:


























































