Մոհամեդ Սալահի՝ «Լիվերպուլից» հեռանալու հավանականությունն ամռանը գնալով ավելի է մեծանում։ Ստեղծված իրավիճակում մերսիսայդյան ակումբն ակտիվորեն փնտրում է բարձրակարգ ֆուտբոլիստի, որը կկարողանա արժանիորեն փոխարինել «փարավոնին»։
Ըստ Indykaila News-ի տեղեկությունների՝ «կարմիրների» ուշադրության կենտրոնում է հայտնվել Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Մայքլ Օլիսեն։ Աղբյուրը հայտնում է, որ անգլիական ակումբը պատրաստվում է ամռանը խոշոր ֆինանսական առաջարկ ներկայացնել ֆրանսիացու տրանսֆերի համար։
Գործարքի նախապայմանը
Օլիսեի տեղափոխությունը հնարավոր կլինի միայն մեկ պայմանով՝ Մոհամեդ Սալահը պետք է հեռանա։ Սա պայմանավորված է ակումբի ֆինանսական կառուցվածքով և աշխատավարձերի հաշվեկշռի պահպանմամբ։
Սա առաջին դեպքը չէ, երբ մամուլը 24-ամյա Օլիսեին կապում է «Լիվերպուլի» հետ։
Ֆրանսիացին արդյունավետ մրցաշրջան է անցկացնում «Բավարիայում», 31 խաղում խփելով 13 գոլ և կատարելով 22 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը Օլիսեին տրանսֆերային արժեքը գնահատում է 130 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ Մայքլ Օլիսեն անգլիական ֆուտբոլին քաջ ծանոթ է։ Նա անցել է «Արսենալի», «Չելսիի», «Մանչեսթեր Սիթիի» և «Ռեդինգի» ակադեմիաներով։ Մինչ «Բավարիա» տեղափոխվելը, մեծահասակների մակարդակում նա հանդես է եկել «Ռեդինգում» և Պրեմիեր լիգան ներկայացնող «Քրիստալ Փելասում»:


























































