Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում գրառում է կատարել Չեմպիոնների լիգայի 2025/26թթ․ խաղարկության լիգայի փուլի վերջին տուրի հանդիպումից հետո։
Միլանի «Ինտերի» կազմում հայ կիսապաշտպանը վերադարձել էր «Սիգնալ Իդունա Պարկ»՝ մրցելու իր նախկին թիմի՝ Դորտմունդի «Բորուսիայի» դեմ։ Խաղից հետո Մխիթարյանը, ով ասպարեզում էր դուրս եկել մեկնարկային կազմում և անցկացրել ամբողջական հանդիպում, կիսվել է տպավորություններով․
«10 տարի անց… հատուկ երեկո»,- գրել է ֆուտբոլիստը՝ կցելով խաղից լուսանկար։
Հիշեցնենք, որ խաղն ավարտվել է «Ինտերի» վստահ հաղթանակով՝ 2։0 հաշվով։ Թեև հանդիպման հիմնական ժամանակն անցնում էր հավասար պայքարում, հյուրերին հաջողվեց հաղթանակ կորզել խաղավերջում։ 81-րդ րոպեին տուգանայինից կատարած դիպուկ հարվածով հաշիվը բացեց իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն, իսկ մրցավարի ավելացրած 4-րդ րոպեին ֆրանսիացի կիսապաշտպան Էնդի Դիուֆը ամրագրեց «ներաձուրիի» հաղթանակը։
Այս արդյունքից հետո Քրիստիան Կիվուի գլխավորած «Ինտերը» վաստակեց 15 միավոր և լիգայի փուլն ավարտեց 10-րդ տեղում։ Երկու թիմերն էլ («Ինտեր», «Բորուսիա») պայքարը կշարունակեն ՉԼ-ի անցումային փլեյ-օֆֆ փուլում։



























































