«Ունիվերսիտատյա Կրայովայի» գլխավոր մարզիչ Միրել Ռեդոյը զվարճալի մեկնաբանություն է արել՝ կապված Կոնֆերենցիաների լիգայի լիգայի փուլում «Նոայի» դեմ սպասվող խաղի հետ։ Մասնավորապես, նա կատակել է իր նախկին ֆուտբոլիստ, այժմ Հայաստանի չեմպիոնի կազմում հանդես եկող ճապոնացի Տակուտո Օշիմայի հասցեին։
Հանդիպումը, որը կկայանա հոկտեմբերի 23-ին, ունի իր «ներքին» պատմությունը։ Միրել Ռեդոյը բացահայտել է, որ վիճակահանությունից անմիջապես հետո կապվել է Օշիմայի հետ։
«Ես խոսեցի Օշիմայի հետ և ասացի, որ «լավ տղա լինի» ու իր նոր թիմակիցներին չասի, թե ինչ է իրենց սպասվում այստեղ՝ Ռումինիայում», — կատակել է Ռեդոյը, ապա հավելել, որ «Նոան» բավականին ուժեղ է. «Կարծում եմ՝ «Նոան» շատ լավ թիմ է, որը կարող էր մտնել Ռումինիայի առաջնության փլեյ-օֆֆ»։
Հատկանշական է, որ Տակուտո Օշիման, կարծես, չի հետևել մարզչի «խորհրդին»։ Հենց երեկ նա «Նոայի» պաշտոնական էջի համար տեսանյութ է պատրաստել, որտեղ ներկայացրել է հետաքրքիր փաստեր իր նախկին ակումբի և Ռումինիայի մասին։
Ճապոնացի կիսապաշտպանը «Ունիվերսիտատյա Կրայովայի» կազմում հանդես է եկել մեկ մրցաշրջան, իսկ այս ամառ տեղափոխվել է Հայաստան՝ միանալով «Նոային»։
Աղբյուրը՝ Gsp.ro



























































